Դատախազին ինքնաբացարկ են ներկայացրել
Այսօր՝ ժամը 12-ին, Իջեւանում կշարունակվի լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը:
Այս նիստում որոշում կկայացվի դատախազ Հարություն Հարությունյանի դեմ բացարկի միջնորդության մասին, որը նախորդ նիստում ներկայացրեց տուժող կողմը՝ նախաքննության ընթացքում կատարված կեղծիքների համար, եւ որին միացան բոլոր ամբաստանյալները եւ նրանց պաշտպանները: Կհարցաքննվի նոր վկա:
Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչեւ ապացույցների ոչնչացում եւ կեղծում։