Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչպես են պատմություն դասավանդում Ադրբեջանում»

Հասարակություն
a6b86af24e6d808f7aabc75f3d8a507d

Շահլա Սուլթանովա, Կովկաս

Երբ մասնակցում էի Վրաստանի Լրագրության եւ լրատվամիջոցների կառավարման կովկասյան դպրոցում կրթական ծրագրի համար նախատեսված հարցազրույցին, պրոֆեսոր Թինաթին Ցոմայան ինձ մի հարց տվեց`արդյո՞ք դեմ չէի լինի հայ ուսանողի հետ սովորել:

«Այդ հայ ուսանողը Լեռնային Ղարաբաղից է», - հավելեց նա:
Ես գիտեի, որ բացասական պատասխանի դեպքում կարող էի հրաժեշտ տալ կրթական ծրագրին, բայց չկարողացա ինձ զսպել:
«Դուք Լեռնային Ղարաբաղից հայ ուսանող ունե՞ք: Այդ դեպքում ինձանից հանդուրժողականություն մի ակնկալեք: Դա ադրբեջանական տարածք է: Ձեր դպրոցում պետք է ադրբեջանցիներ սովորեին», - ասացի ես:

Ես ծնվել եմ Ադրբեջանի հյուսիսում եւ ազգությամբ ավար եմ, այդ պատճառով իմ ընտանիքին հաջողվել է զերծ մնալ ղարաբաղյան պատերազմի ծանր հետեւանքներից: Մենք չենք տեսել իրենց տները լքած եւ հարազատներից զրկված փախստականներին, երբեք կրակոցներ չենք լսել եւ մարդկայն զոհերի ականատես չենք եղել:

Այնուամենայնիվ, ադրբեջանցի բազում այլ երիտասարդների նման, լրատվամիջոցների եւ դասախոսների ազդեցության տակ`ես նույնպես ատում էի հայերին:

Բարեբախտաբար, ինձ թույլ տվեցին մասնակցել կրթական ծրագրին: Լրագրության դպրոցում անցկացրած առաջին օրվա ընթացքում Թբիլիսիի սրճարաններից մեկում հավաքված բոլոր ուսանողները ծանոթանում էին միմյանց հետ: Մենք պարզապես մեր անուններն էինք ասում եւ ոչ մի պատկերացում չունեինք միմյանց ազգային պատկանելության մասին:
Ես նստել էի շագանակագույն աչքերով, ժպտերես մի աղջկա կողքին: Նրա բարեհամբույր վերաբերմունքը գրավեց ինձ, եւ կարծելով, թե նա վրացուհի է, սկսեցի խոսել նրա հետ: Միայն լսարանում պարզեցի, որ զրուցակիցս ազգությամբ հայ Լիլիթ Ասրյանն էր`Լեռնային Ղարաբաղից:

Կարճ ժամանակ անց, մոռացա իմ կանխակալ վերաբերմունքը հայ ուսանողուհու նկատմամբ: Խմբակային աշխատանքների ժամանակ նրա հաղորդած դրական լիցքերը ստիպում էին ինձ ժպտալ, իսկ շատ շուտով ես ամբողջությամբ վերանայեցի իմ նախկին հայացքները: Նա հիանալի անձնավորություն էր, ոչ թե սովորական հայ:

Ի վերջո, Լիլիթը դարձավ իմ լավագույն ընկերուհին: Մենք երբեք չենք քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը`գիտակցելով, որ դա մեզ ոչինչ չի տա: Սակայն մեզ հետ սովորող այլ հայ ուսանողների հետ միասին, Լիլիթը ստիպեց ինձ հրաժարվել հայերի նկատմամբ ունեցած իմ նախապաշարմունքներից:

Ադրբեջան վերադառնալուց հետո, հաճախ եմ քննադատության ենթարկվել ընկերներիս եւ գործընկերներս կողմից`հայերի նկատմամբ ունեցած հանդուրժողական մոտեցման պատճառով:
Նույն խնդիրներին բախվեցի հայկական եւ ադրբեջանական պատմության դասագրքերի մասին պատմող համատեղ հոդվածը պատրաստելու ընթացքում:

Երբ ադրբեջանցի աշակերտին հարցրեցի`«Ճի՞շտ է արդյոք հայերին «ֆաշիստ» եւ «ավազակ» անվանելը դասագրքերում», նրա ուսուցչուհին բարկացավ: Նա ինձ մեղադրեց «սխալ» հարցեր տալու եւ նրա աշակերտների «ուղեղները լվանալու» մեջ: Ուսուցչուհու կարծիքով`հայերին նման բառերով բնորոշելը ճիշտ էր եւ քննարկման ենթակա չէր:

Ադրբեջանի պատմության դասագրքերից մեկի հեղինակը`Թոֆիգ Վելիեւը, ինձ մեղադրեց երկրի ազգային շահերի դեմ գործելու մեջ, երբ նրան հարցրեցի, թե ինչու էր հայերին որպես «ֆաշիստներ» ներկայացնում իր գրքում: Նա ասաց, որ ես հայերի կողմնակիցն էի եւ որ ես պետք է փոխեմ իմ վարմունքը:

Հարցազրույցներ անցկացնելիս, ես աշխատում էի հնարավորինս շատ հարցեր տալ զրուցակիցներիս. այդ ամենը կասկածելի թվաց հարցազրույցին մասնակցող աշակերտուհու`Գյուլջեննեթ Հուսեյնլիի պապիկին, եւ վերջինս ինձ հարցրեց, թե արդյոք որեւէ բան գիտեմ ղարաբաղյան պատերազմի մասին:

«Չեմ կարծում, թե բավարար գիտելիքներ ունեք այս հարցը լուսաբանելու համար: Դուք այնպիսի սադրիչ բնույթի հարցեր եք տալիս: Իհարկե, երիտասարդներն ատելու են նրանց [հայերին]: Հենց այդպես էլ պետք է լինի», - ասաց նա:

Դպրոցականի պապիկը գիտեր, որ ես Ադրբեջանի հյուսիսում եմ մեծացել, որը հիմնականում ազգային փոքրամասնություններով է բնակեցված, եւ ասաց, որ իմ ազգային պատկանելության պատճառով ես անաչառ չեմ լինի հոդվածի պատրաստման ընթացքում:

Բացի այդ, իմ դիմագծերը նույնպես խնդիրներ էին առաջացնում: Քանի որ ադրբեջանցիներին բնորոշ արտաքին չունեմ, մարդիկ ինձ հարցնում էին, թե արդյոք խառն ամուսնության ծնունդ եմ: Երբ ասում էի, որ ազգությամբ ավար եմ, նրանք ավելի զգուշավոր էին դառնում:
«Ավարը չպետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի նման թեմաներ լուսաբանի: Պետք է ազգությամբ ադրբեջանցի լինեք, որպեսզի կարողանաք հասկանալ, թե ինչ ենք մենք իրականում զգում», - ասաց զրուցակիցներիցս մեկը:

Ադրբեջանի կրթության նախարարության հրատարակչական բաժնի ղեկավար Ֆայիգ Շահբազլին շատ բարեհամբույր էր հարցազրույցի ընթացքում, բայց հետո նա կանգ առավ եւ հարցրեց իմ ազգային պատկանելության մասին:

Վախենալով, որ Շահբազլին կասի նույնը, ինչ հարցազրույցների նախորդ մասնակիցները, ես պատասխանեցի. «Երկու ծնողներս էլ ադրբեջանցիներ են»: Այսպես` կյանքումս առաջին անգամ ստեցի իմ ազգային պատկանելության մասին:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ոմանք ողջունում էին հոդվածի պատրաստման գաղափարը`պատմել այն մասին, թե ինչպես են հայկական եւ ադրբեջանական պատմության դասագրքերում նկարագրում հակառակ կողմին: Որպես կանոն, նման մարդիկ միջին տարիքի ադրբեջանցիներն էին, ովքեր հայ ընկերներ են ունեցել հակամարտությունից առաջ:

Շահլա Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից (www.iwpr.net):