«Առողջությունը երկարակեցության գրավականն է»
Ապրիլի 7-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները նշում են որպես Առողջության համաշխարհային օր: ՀՀ առողջապահության նախարարությունը «Առողջությունը երկարակեցության գրավականն է» կարգախոսով միացել է այս նախաձեռնությանը:
Ըստ ԱՆ մամլո հաղորդագրության՝ բնակչության ծերացումը` ծնելիության և երկարակեցության ցուցանիշների տեղաշարժը, այժմ շատ արդի խնդիր է: Վերջին հարյուրամյակում կյանքի միջին տևողությունը ամբողջ աշխարհում զգալի ավելացել է: Վերջինս կարող է դառնալ 21-րդ դարի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը, ինչը կբերի տարեց և ծեր մարդկանց /65 տարեկան մարդկանց/ թվի գերազանցմանը երեխաների թվին:
Ուսումնասիրությունները փաստում են, որ 2050թ. Եվրոպայում 65-ից բարձր տարիք ունեցողների քանակը կբարձրանա մինչև 70%: 80 և բարձր տարիքի մարդկանց խումբը` կկազմի 170%: Բնակչության ծերացումը տեղի է ունենում ամենուրեք, այդ թվում և Հայաստանում, դա անխուսափելի և կանխատեսելի գործընթաց է, որը նաև լրջագույն ազդեցություն է թողնում հանրային առողջապահական խնդիրների /հիմնահարցերի/ և հանրային առողջապահական ծառայությունների մատուցման գործընթացի վրա:
Միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում, որոնց թվում է նաև Հայաստանը, 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց համար ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած խնդիրները 2-3 անգամ գերազանցում են բարձր եկամուտ ունեցող երկրներին: Հիմնականում լուրջ խնդիրներ են առաջացնում սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը և նորագոյացությունները: Հաճախակի այդ տարիքի անձինք արդեն իսկ ունենում են մեկից ավելի հիվանդություն, որոնք նրանք ձեռք են բերում միջին կամ նույնիսկ երիտասարդ տարիքում:
Ուստի, այսօր բարելավելով երեխաների, աշխատունակ բանկչության և տարեցների առողջությունը, կարող ենք ստեղծել առողջ բնակչություն և ապահովել առողջ ծերացում ներկայում և ապագայում,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։