Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաշմանդամների խնդիրները շահարկելը ցինիզմ է»

Հարցազրույց
5cba742a6dab5a929795745d32856bea

«Հայաստանի ընտրական տեղամասերի մոտ 85 տոկոսը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար»,- մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններից առաջ ահազանգում է «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը: «Ա1+» -ի հետ զրույցում  պարոն Ալավերդյանը նշեց.

 

- Հաշվի առնելով այն փաստը, հաշմանդամություն ունեցող մարդկանց խմբում տարբեր խնդիրներ ունեցողներ կան' տեսողական, լսողական, ինքնուրույն շարժվելու հնարավորություն չունեցող, կխնդրեի առանձին-առանձին ներկայացնել, թե որ խմբերի  քաղաքացիները ի՞նչ խնդիրներ ունեն իրենց ընտրական իրավունքն իրացնելու համար:

- Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցողների համար  կան հատուկ կաղապարներ, որոնք նրանց թույլ են տալիս ինքնուրույն, փակ եւ գաղտնի քվեարկություն  կատարել, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ շատ քիչ թվով մարդիկ են օգտվում այդ հնարավորությունից: Այստեղ իրազեկման խնդիր կա:

- Իսկ տեսողության հետ խնդիրներ ունեցող այն քաղաքացիները, որոնք չեն օգտվում այդ կաղապարներից, ընտրությանը մասնակցում են ինչ-որ մեկի օգնությամբ, նրանց քվեարկության գաղտնիությունը պահպանվո՞ւմ է:

- Այստեղ շատ կարեւոր է, թե ով է օգնում այդ մարդուն: Եթե նրան օգնում է վստահելի մարդ, ապա խնդիր չկա, սակայն լինում են դեպքեր, երբ նրան օգնում են նույնիսկ հանձնաժողովի անդամներ: Այստեղ ոչ այնքան կարեւոր է ընտրության գաղտնիության հարցը, այլ ընտրողի կամքի արտահայտությունը:  Տեսողության հետ խնդիր ունեցող ընտրողը չի տեսնում, թե ում է ընտրում, եւ շատ կարեւոր է, որ նրա կողքինը նորմալ մարդ լինի, չգայթակղվի եւ իր նախընտրած  թեկնածուի կամ ուժի օգտին չքվեարկի: Առաջին հայացքից խնդիրներ չունեն խուլ ընտրողները: Նրանք կարող են ընտրել ում ցանկանում են, սակայն այստեղ մեկ այլ  խնդիր կա' քարոզարշավի ընթացքում նրանք միայն պատկեր են տեսնում, նրան չեն հասկանում, թե ինչ կատարվում, ով ինչ է ասում: Օրինակ հեռուստատեսությամբ քարոզարշավը մեկնարկել է, բայց որեւէ մի ուժ  նրանց համար  սուբդո թարգմանություն չապահովվեց:

 

- Դուք ծանո՞թ եք քաղաքական ուժերի ծրագրերին, նրանք անդրադարձե՞լ են հաշմանդամների խնդիրներրին:

-Որեւէ քաղաքական ուժ մեզ կոնկրետ չի անդրադարձել մեր խնդիրներին: Որեւէ մեկի ծրագրում չկա հաշմանդամների համար նախատեսված 21-րդ դարի չափանիշները: Ես դիտարկեցի հեռուստատեսությամբ քարոզարշավի առաջին օրը, եւ նրանց միայն Կոմունիստական կուսակցությունն էր իր տեսահոլովակում մի քանի կադրեր դրել, որտեղ սայլակի մեջ գտնվող հաշմանդամներ' մուրացկանություն անելիս, ողորմություն խնդրելիս: Դա ինձ վրդովեցրեց, խորհրդային տարիներին էլ կային հաշմանդամներ, որոնք ծանր պայմաններում էին: Այսօր կան հաշմանդամներ, որոնք սայլակներով տեղաշարժվում են, մտնում են քաղաքապետարան, նախարարություններ, տարբեր հաստատություններ եւ լուծում իրենց խնդիրները: Հաշմանդամների խնդիրները  շահարկելը ցինիզմ է:

 

- Ի՞նչ կուզեիք լսել քաղաքական ուժերից, պատգամավորների թեկնածուներից:

-Ես կուզեի, որ նրանք հասկանան, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույն քաղաքացիներն են, ունեն նույն իրավունքները,  եւ նրանց չտարբերակել նրա համար, որ երկրում չկան պայմաններ: Ես ուզում եմ, որ նրանք կոնկրետ խոսեն, ուզում եմ հասկանալ, թե քաղաքական ուժերն ինչպես են լուծելու հաշմանդամների զբաղվածության խնդիրը: Ես, օրինակ ,ունեմ դրա դեղատոմսը' քվոտաներն են, որոնք կիրառվում է առաջադեմ աշխարհում:

Քանի որ մայիսի 6-ին նոր խորհրդարան  է ձեւավորվելու եւ այդ խնդրին պետք է օրենսդրական լուծում տալ:  Լուրջ խնդիրն է նաեւ տրանսպորտային միջոցներից օգտվելը: Շատ ողջունելի  է, որ մինչեւ տարեվերջ Երեւանի   քաղաքապետը պատրաստվում է մինչեւ տարվա վերջ 25 ավտոբուսներ դարձնել հաշմանդամներին մատչելի, սակայն  պետք է օրենով ամրագրվի, որ հասարակական տրանսպորտի նոր միջոցները' անկախ սեփականության ձեւից, մատչելի լինեն հաշմանդամներին:

 

- Ձեր կազմակերպությունը դիտորդական առաքելություն իրականացնելու փորձ ունի: Հիմնականում ի՞նչ խախտումներ եք արձանագրել:

-Այդ խախտումները բոլորին հայտնի են' բաց քվեարկությունը, լցոնում, լրագրողների աշխատանքի խոչընդոտում: Պետք է ասեմ, որ մեր ընտրական տեղամնասերը ոչ միայն հաշմանդամների համար են անհասանելի, այլեւ սովորական քաղաքացիների' ծերերի, հղի կանանց, գեր մարդկանց համար:  Շատ ընտրական տեղամասեր գտնվում են երկրորդ հարկերում:

 

-Մայիսի 6-ի ընտրություններին Դուք իրականացնելո՞ւ եք դիտորդական առաքելություն:

- Կարծում եմ այո, բայց դեռ չեն դիմել ԿԸՀ: Մենք Սյունիքի մարզում դիտորդական առաքելություն կիրականանցնենք, քանի որ բոլորը կենտրոնանում են Երեւանում:

 

- Մե՞ծ է մարզերում եւ մայրաքաղաքում տարբերությունը հաշմանդամների ընտրական իրավունքի  իրացման համար:

- Տարբերությունն այն է, որ Երեւանում քաղաքացիներն ավելի անկաշկանդ են, այդ թվում հաշմանդամները: Մարզերում, հատկապես գյուղերում ընտրողների համար շատ կարեւոր է, թե ինչ կասի գյուղապետը, «հեղինակությունները»:

 Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը