Ավագանին արտահերթ նիստ է արել
Երևանի ավագանին ապրիլի 11-ին գումարած արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23- ի N 356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծին։
Համաձայն դրա՝ բյուջեով հաստատված եկամուտների մասն ավելացվել է 1,499,997.5 և ծախերի մասը 1,499,997.5 հազ. դրամով։
Ներկայացնելով որոշման նախագիծն ու դրա ընդունման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին, որը նախատեսվում է իրականացնել 2012-2013 թվականներին։
Մայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը , որի արդյունքում զգալիորեն կթեթևանա նաև Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը։
Ընկերությունը սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ քաղաքաշինական օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները, որի 50%- ը 2012 թվականի համար կազմում է 1,878,050.0 հազար դրամ, ինչն էլ նախատեսվում է ավելացնել բյուջեի «Ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին»։
Դրա դիմաց Երևանի քաղաքապետարանը ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող 5.3 հա մակերեսով հողատարածքը, որի 50% գումարի չափով սույն որոշման նախագծով 1,878,050.0 հազար դրամի չափով ավելացնելով Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի հողի իրացումից մուտքերը։
Ավագանու որոշմամբ Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1,998.0 հազար դրամ է հատկացվել Երևան քաղաքի Բագրևանդի փողոցին հարող տարածքում առկա դամբարանադաշտում հնագիտական ուսումնասիրություններ և պեղումներ իրականացնելու մասնագիտական ծառայություններ ձեռբերելու նպատակով։
Ավագանին որոշել է նաև լրացուցիչ գումարներ հատկացնել մայրաքաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրերին։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը։