Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլ ոսկի, կտակարան. թմրանյութ

Հասարակություն
803f80b904a22554fe9318ae7d7f5010

2011թ. ընթացքում ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպք` շուրջ 7,5 մլրդ դրամի չափով, որից մոտ 7մլրդ-ի մասով կազմված նյութերը մաքսանենգության հատկանիշներով ուղարկվել են նախաքննության մարմիններ:

Ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանի, հայտնաբերվել են 19-րդ դարի կտակարաններ և այլ իրեր, մոտ 4կգ ոսկյա և արծաթյա զարդեր, կոսմետիկական պարագաներ, կանխվել է սահմանված 5մլն դրամը գերազանցող մոտ 40 հազար ԱՄՆ դոլարի անօրինական արտահանումը:

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 282 դեպքերից 70-ը հայտնաբերվել են Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության, 78-ը` Հետբացթողումային հսկողության վարչության, 125-ը` ՊԵԿ այլ ստորաբաժանումների կողմից, իսկ 9-ը` ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից:

ՙՊԵԿ Քննչական վարչությունում քննվել են 60 քրեական գործեր, որոնցից 16-ը եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Իրականացված միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 1 կիլոգրամ ՙմետամֆետամին՚ և 11 կիլոգրամ ՙհաշիշ՚ տեսակի թմրամիջոցների ներկրումը՚,- նշել է Սամվել Սանամյանը:

Պետական եկամուտների կոմիտեն թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարն ընդգրկել է կոմիտեի առաջնային խնդիրների շարքում:

Այս նպատակի իրականացման կարևոր խնդիրներից մեկն էլ միջազգային համագործակցությունն է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական պետությունների հետ: ՙՇարունակում ենք ակտիվ համագործակցել եվրոպական և ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների հետ, ինչը ևս հանգեցրել է մաքսային կանոնների խախտման և մաքսանենգության հայտնաբերման արդյունավետության բարձրացմանը: Դա է վկայում օրերս աշխատանքային այցով ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հրավերով Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ պարոն Կալետնիկի ժամանումը Հայաստան՚,- նշել է Սամվել Սանամյանը: Հանդիպման ժամանակ ստորագրվել է 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր, որն առավել արդյունավետ կդարձնի նաև մաքսային իրավախախտումների դեմ պայքարը:

Այս մասին փոխանցում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։