Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիայում Բարսեղյանը հարց տվեց

Հասարակություն
92acc83d820dd842c57a4a475094390d

Ապրիլի 17-ին Բրազիլիայի համանուն մայրաքաղաքում, Հայաստանը, ի դեմս ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանի, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ներկայացրեց ՀՀ Գործողությունների ծրագիրը (Action Plan on Open Governance):

Ապրիլի 17-18-ին Բրազիլիայում անցկացվում է Բաց կառավարման գործընկերության առաջին տարեկան կոնֆերանսը: Սա մի շարժում է, որ սկիզբ է առել 2011-ին սեպտեմբերին՝ 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հվ.Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) եւ, որին այժմ միացել է 55 երկիր, Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է նախաձեռնությանը 2011-ի նոյեմբերին: Շարժման նախաձեռնության հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ունենալ առավել թափանցիկ եւ պատասխանատու իշխանություններ եւ այլն:

Հայաստանի պետական պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ Արտաքին գործերի փախնախարար Աշոտ Հովակիմյանը, Վրաստանը ներկայացված էր ի դեմս Արդարադատության փոխնախարար Գեորգի Վաշաձեի, Ադրբեջանը՝ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովի: Ամենափոքրաթիվը Հայաստանի պաշտոնական պատվիրակություն էր՝ 2 հոգի, Վրաստանից ներկա էին 8 հոգի, Ադրբեջանից՝ 12: Յուրաքանչյուր երկրի քաղաքացիական հասարակությունից հրավիրվել էր մեկական մարդ, եւ մի քանի հոգի էլ սեփական նախաձառնությամբ էին մասնակցում կոնֆերանսին, ընդհանուր առմամբ կոնֆերանսին մասնակցում են ավելի քան 500 հոգի, աշխարհի 75 երկրներից:

Հարավային Կովկասի երկրների գործողությունների ծրագրերի քննարկման ժամանակ պատվիրակների ելույթներից զատ ելույթներ ունեցան նաեւ այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք մասնակցել էին գործողությունների ծրագրերի մշակմանը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ներկայացուցիչ Լ.Դոյդոյանը ներկայացրեց, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բոլոր առաջարկները ներմուծվել են Հայաստանի գործողությունների ծրագրում, փոխնախարար Ա.Հովակիմյանի ներկայացմամբ, մշակմանը մասնակել են 8 պաշտոնյա իշխանմություններից եւ 8 հոգի քաղաքացիական հասարակությունից, այդ թվում՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակուռուպցիոն կենտրոնից: Վրաստանում քաղաքացիական հասարակության ներգրավումը եղել է ավելի քան 10 ՀԿ միավորող կոլալիցիայի միջոցով, իսկ Ալի Աբասովի ներկայացմամբ, Ադրբեջանում այդ աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 25 հասարակական կազմակերպություն:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ներկայացուցչի այն հարցին, թե երեք երկրներում ովքեր, ինչ մարմիններ կամ գերատեսչություններ են պատասխանատու լինելու գործողությունների ծրագրերի իրականացման համար, Հայաստանի ներկայացուցիչ Ա.Հովակիմյանը պատասխանեց, թե այդ գործողությունները տարբեր գերատեսչություններ են իրականացնելու, ԱԳ նախարարության գործը եղել է ծրագրի մշակման համակարգումը, ինչն իրենք արել են: Վրաստանի արդարադատության փոխնախարարը պատասխանեց գրեթե նույնկերպ, այն տարբերությամբ, որ իրենց երկրում մշակման գործը իրենց նախարարությանն է հանձնարարված եղել: Ադրբեջանի ներկայացուցիչը բացատրեց, որ Ծրագրի յուրաքանչյուր կետով կոնկրետ գերատեսչություններ կամ նախարարություններ են զբաղվում, բայց գլխավոր ղեկավարը Ադրբեջանի նախագահն է:


Լեւոն Բարսեղյան,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Լուսանկարները՝ հեղինակի