Ինչո՞ւ են թալանել Հ. Հովհաննիսյանի մեքենան
Այս պահին տեղի է ունենում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամլո ասուլիսը։ Այն դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։
Ի դեպ, Քաղաքագետների միությունը հայտարարություն է տարածել.
«Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբը սույն թվականի հունվար ամսից անց է կացնում գիտակիրառական բաց լսումների շարք՝ նվիրված ընտրությունների հանրային վերահսկողության կազմակերպման հիմնահարցին:
Լսումների տասը սեկցիոն նիստերի արդյունքում ապրիլի 4-ին կայացած լսումների լիագումար նիստում հինգ ամենաազդեցիկ քաղաքական ուժերից չորսը` Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Ժառանգությունը, Հայ ազգային կոնգրեսը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ստորագրեցին հանրային վերահսկողության միջկուսակցական միսանական ընտրական շտաբի ձևավորման մասին հայտարարություն:
Այդ կարևոր իրադարձության նախօրեին` մարտի 27-ին ՀՔՄ գրասենյակային տարածքի օրինական սեփականատեր` ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Մոսկովյան 33 ա շենքի երկրորդ և երրորդ հարկերը զբաղեցնող «Հայհիդրոէներգա նախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենից գրություն է ստանցել իր սեփականությունը հանդիսացող տարածքը 3- օրյա ժամկետում ազատելու և ՓԲ-ին հանձնելու ապօրինի պահանջով: Այդ պահանջի ցինիզմի և լկտիության աստիճանը արտահայտվում էր դրա հեղինակների կողմից իրավապահ մարմինների վկայակոչմամբ. « հակառակ դեպքում հարկադրված կլինենք դիմել իրավապահ մարմիններին»:
Հմայակ Հովհաննիսյանի հանձնարարությամբ ՀՔՄ աշխատակազմը որևէ հաղորդագրություն որևէ մեկին այս խայտառակ ռեյդերական նկրտումների մասին չի տվել, հասկանալով, որ այդ ճնշումների հեղինակների նպատակը ապրիլի 4-ին նշանակված լիագումար նիստի տապալումն է` մեզ ահաբեկելու միջոցով:
Ապրիլի 11-ին կայացած լսումների երկրորդ լիագումար նիստում հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբը որոշում կայացրեց շտաբի մշտական նստավայր ընտրել ՀՔՄ կենտրոնական գրասենյակը,իսկ շտաբի աշխատանքների արդյունքների մասին հանրությանը իրազեկելու գործը վստահել ՀՔՄ նախագահին և աշխատակազմին:
Ապրիլի 13-ին կողոպտվեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գազ 31-10 մակնիշի 08 SL 010 պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի վերաբերյալ ոստիկանության Շենգավիթի բաժնւմ հարուցվել է քրեական գործ:
Ո՞վ է կանգնած այս ավազակային գործողությունների հետևում:Ինչպե՞ս է և ինչու՞ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերությունը դարձավ գործիք մեքենայություններով հայտնի «ներդրողների» ձեռքում:
Այս հարցերի` փաստաթղթերով, վկայություններով փաստարկած պատասխանները Դուք կստանաք վաղը ապրիլի 20-ին ժամը 11-ին Հմայակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսում»։