Սփյուռքը հարգում է զոհերի հիշատակը
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները: ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ից արդեն Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:
Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական եւ հոգեւոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։
Ինչպես տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, երեկ Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:
Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain» հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել` ի հիշատակ ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով: