Միջոցառումներ նվիրված ցեղասպանությանը
Հայկական սփյուռքը Հայոց Մեծ Եղեռնի 97 ամյակին նվիրված տարբեր միջոցառումներ է անցկացրել։
Չեխիայի հանրապետությունում, Վիսոչինա երկրամասի Յիհլավայում՝ «Ուրարտու» հայ-չեխական ընկերությունը կազմակերպել է «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառումը։
Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի հարևանությամբ՝ Քափիթլ Հիլլում գտնվող Բարեփոխման լյութերական եկեղեցում, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ականատեսներ» խորագրով, ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը։ Ցուցահանդեսը բացվել է «Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանի» ջանքերով, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության գերմանացի ականատեսների՝ մինչ այժմ անհայտ, կան քիչ հայտնի լուսանկարներ։
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, Թբիլիսիում մեկնարկել է Հայոց Մեծ եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը։
Նյու-Յորքում և Նյու-Ջերսիում ՄԱԿ-ի կենտրոնային գրասենյակում անց են կացվել քննարկումներ «Ցեղասպանության կանխարգելում» խորագրով։ ՄԱԿ-ի ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նշել է, որ 1915 թվականի ցեղասպանությունը ռասիզմի ծայրահեղ դրսևորում է։
Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցը նշել են նաև Բաթումիի հայերը։ Քաղաքի Կոնսերվատորիայի դահլիճում կայացել է «Հիշել ցեղասպանությունը» խորագրով Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը։ Իսկ Բաթումիի «Սուբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաները ավելի քան 300 հանդիսականների ներկայացրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության եղերական դրվագներ, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով ու պարերով։