Ինչո՞ւ է ենթասպան ինքնասպանության փորձ արել
«Ա1+»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության ենթասպա Թովմասյանն օրերս ինքնասպանության փորձ է արել, եւ պատճառը կապված է նրա աշխատանքային գործունեության հետ։ Բարեբախտաբար, նրա կյանքը հնարավոր է եղել փրկել։ Դեպքի առիթով գործ է հարուցվել։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, սա երիտասարդի հետ կապված միակ քրեական գործը չէ։
Եւս մեկ քրեական գործ հարուցվել է նրա այն բողոքի հիման վրա, ըստ որի՝ նրան դաժան ծեծի են ենթարկել ռազմական ոստիկանության նախկին պետ Արմեն Սահակյանը եւ ՌՈ օպերատիվ հետախուզության բաժնի պետ Հակոբ Աբրահամյամը։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլի, Արմեն Սահակյանի պաշտոնանկությունը կապված էր Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայողի՝ Արսեն Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստի հետ։
«Ա1+»-ի տեղեկություններով՝ ենթասպա Թովմասյանն էլ է ծեծի ենթարկվել հենց այդ ժամանակահատվածում։