Freedom House. «Մամուլ ՀՀ-ում ոչ ազատ է»
Հայաստանում մամուլը ոչ ազատ է. Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի ցուցանիշներն այս տարի չեն փոխվել. ինչպես նախորդ տարի` 65 միավորն է բնութագրում երկրում մամուլի ազատությունը, այն դեպքում, երբ վատթարագույնը համարված Հյուսիսային Կորեան ունի 97 միավոր:
Հայաստանը այս տարի տեղ է գրավել Անգոլայի եւ Պակիստանի միջեւ։
Ոչ ազատ երկրների շարքում իրավապաշտպան այս կազմակերպության կողմից Հայաստանը դասվում է սկսած 2002 թվականից, երբ եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, իսկ մինչ այդ մասամբ ազատ պետությունների շարքում էր:
Հարավային Կովկասում Հայաստանից ավելի լավ ցուցանիշներ ունի միայն Վրաստանը. այս երկիրը 3 միավորի առաջընթաց է ունեցել նախորդ զեկույցի համեմատությամբ` 55-ից բարելավել է դիրքերը 52-ի, եւ Freedom House-ը տարածաշրջանում ամենանշանակալի առաջընթացը հենց Վրաստանում է արձանագրել։ Այս գնահատականի համար հիմք են հանդիսացել նոր պարբերականների հիմնումը եւ հաճախ կառավարության հասցեին քննադատությամբ հանդես եկող մեդիա ընկերությանը նոր հեռուստաալիքի արտոնագիր տալը:
Հայաստանից ավելի լավ դիրքերում է նաեւ Ուկրաինան, որը թեեւ նախորդ տարվա համեմատությամբ 3 միավորով հետընթաց է արձանագրել, այնուամենայնիվ, շարունակում է մնալ մասամբ ազատ երկրների թվում եւ գրավում է 59-րդ տեղը:
Ադրբեջանը մեկ միավորով հետ է գնացել ու 80 միավորով համարվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։ Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ռուսաստանն ու Զիմբաբվեն:
Ռուսաստանում մեդիայի նոր տեսակները փոքր-ինչ առաջընթաց են ապրել եւ մեղմել են կառավարության կողմից մեդիա դաշտի գրեթե ամբողջական գրավումը, սակայն այդ նվաճումները դեռ պետք է կոնսոլիդացվեն, նշում է զեկույցը:
Freedom House-ը գնահատում է թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային եւ ինտերնետ մեդիայի ազատությունը մեկ տարվա կտրվածքով: Գնահատումը կատարվում է երեք ոլորտների հիման վրա` ուսումնասիրվում է իրավական դաշտը, որում գործում է մամուլը, քաղաքական ազդեցությունը հրապարակումների վրա ու տեղեկատվության մատչելիությունը: