Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կստեղծվի կենդանաբանական այգու դպրոց (տեսանյութ)

Հասարակություն
3ef1f829b07b1e4cc732144322742839

Այսօր պաշտոնապես բացվեց կենդանաբանական այգու նոր տարեշրջանը: Այգին լի էր այցելուներով։ Այստեղ երեխաներին դիմավորում էին հեքիաթների հայտնի հերոսները, նրանց համար այգու տարբեր հատվածներում կազմակերպվել էին տարաբնույթ համերգներ։ Այսօր մարդկանց թույլ էին տվել կերակրել կենդանիներին, և մեծահասակներն ու երեխաները սիրով կերակրում էին նրանց։

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ արվում է ամեն ինչ՝ երեխաներին այգի բերելու, այգու հետ կապելու համար։

Նախորդ հունիսի 1-ին, օրինակ, կազմակերպել էին համահայկական նկարչական օր, որի ժամանակ այգին ունեցել է այցելուների ռեկորդային ցուցանիշ՝ 30 000 մարդ։

Նա խոսեց այգու կողմից իրականացվող տարաբնույթ կրթական ծրագրերից։ Ստեղծվել է էկոլոգիական ակումբ, որը 10-15 տարեկան երեխաների համար կազմակերպում է էկոլոգիայի, թափոնարվեստի, թղթի վերամշակման դասընթացներ։

«Հետագայում միտում կա ստեղծել կենդանաբանական այգու դպրոց, որը կհամագործակցի հանրակրթական բոլոր դպրոցների հետ և նրանք իրենց կենսաբանության, բնագիտության դասերը կարող են հենց այգում անցկացնել»,- ասաց տնօրենը։

Ի դեպ, երեխաները և ծնողները նշում էին, որ սիրով են հաճախում այգի։ Նրանց կարծիքով այգին ավելի մաքուր է դարձել։ Երեխաներն այստեղ ունեն իրենց սիրելի կենդանիները և անմիջապես նկատում են, երբ ինչ-որ կենդանի պակասում է այգում։