Ինչո՞ւ Սարգսյանը չսպասեց դատարանի որոշմանը (տեսանյութ)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վաղը՝ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնի Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է քաղաքապետը՝ շարունակելով. «Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները»։
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակ այցի ընթացքում Սերժ Սարգսյանն
առաջարկել է Երևանի քաղաքապետին այգու համալիր բարեկարգման շրջանակում ապամոնտաժել ժամանակավոր տաղավարները:
Սոցիալական ցանցերում քննարկվում է, թե հնարավոր է, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում։
Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները. «Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը»։
Ի դեպ, 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին Վարչական դատարանում պետք է լսվի «Ժառանգության» պատգամավորների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետի՝ Մաշտոցի այգում կրպակների տեղադրման որոշման։ Հայցը ներկայացրել են Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը և Դավիթ Բադալյանը։
Սերժ Սարգսյանի նման հանձնարարականից հետո ամենայն հավանականությամբ դատարանը կվերադարձնի հայցը։
Ի դեպ, իրավաչափ էր արդյո՞ք Սերժ Սարգսյանի նման հանձնարարականը մինչեւ Վարչական դատարանի որոշումը, հայցվորներից պատգամավոր Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել։