Միավորումը դատապարտում է բռնությունը (տեսանյութ)
«Խոսքի իրավունք» միավորման հայտարարությունը.
«Խոսքի իրավունք» միավորումը 4 օր առաջ շնորհավորական հայտարարություն է տարածել մայիսի 3-ի՝ Մամուլի ազատության օրվա առթիվ:
Հայտարարության մեջ մենք ասում էինք, որ լրագրողները այն մարդիկ են, ում համար մամուլի ազատությունը միայն Freedoom house կամ այլ լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում չեն: Այդ խնդրի հետ նրանք բախվում են գրեթե միշտ:
Ճակատագրի հեգնանքով 4 օր հետո՝ ընտրությունների օրը երիտասարդ լրագրող Էլինա Չիլինգարյանը ենթարկեց բռնության:
Ընտրատեղամասի մոտ լրագրողը նկատել է խմբված երիտասարդների, փորձել է տեսանկարահանել ընտրատեղամասը եւ «կադրի մեջ ընկած» երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել է լրագրողի հենց այն ձեռքին, որով վերջինս բռնել էր տեսախցիկը: Արդյունքում տեսախցիկն ընկել է ասֆալտին:
Մինչեւ Էլինան ուշքի եկավ, տեղաց երկրորդ հարվածը , հետո աղջիկը սկսեց գոռգոռալ, ուզում էին նրա ձեռքի տեսախցիկը վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ Էլինան կարողացավ հեռանալ:
«Խոսքի իրավունք» միավորումը դատապարտում է աղջկա, լրագրողի հանդեպ բռնությանը: Միավորման նախորդ հայտարարության մեջ հույս հայտնեցինք, որ իշխանությունը կկարևորի խոսքի ազատությունը:
Ցավոք, իշխանությունը չի գիտակցում որ օրենքից վեր իրենց համարող և երիտասարդ աղջկա հանդեպ ուժի լեզվով խոսողները արջի ծառայություն են մատուցում և վարկաբեկում են իշխանությանը: Նման լկտիությունից հետո խորանում է ատելությունը համակարգի նկատմամբ:
Խորապես ցավում ենք, որ համակարգը մնացել է այդ կարգի մարդկանց հույսին: Լիահույս ենք, որ Էլինայի պես սկզբունքային լրագրողները չեն կոտրվի: Պահանջում ենք անհապաղ պատժել մեղավորներին և սատարում ենք Էլինա Չիլինգարյանին:
«Խոսքի իրավունքը» ընտրությունների մասին ամփոփ օրվա մեջ հանդես կգա հայտարարությունով: