«Կամ ոչինչ, կամ ընդհանրապես ոչինչ»
Հայ մտավորականների գնահատականը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին տարբեր է։ Նրանցից շատերը մտահոգված էին այն փաստով, թե ինչպես անցան դրանք։
«Անցած ընտրություններին իմ անհատական գնահատականը հազիվ թե էականորեն տարբերվի այն հազարավոր ընտրողների կարծիքներից, որոնց դեռ ժամանակ է պետք մարսելու դրանց դառը պտուղները և խորհելու հետագա անելիքների մասին: Ամենամեծ ցավը սակայն այն է, որ հետևանքները ծանր են լինելու ինչպես «հաղթողների», այնպես էլ «պարտվողների» համար: Միայն թե էյֆորիայի մեջ գտնվողները սա ոչ մի կերպ գիտակցել չեն ցանկանում, քանի որ գերնպատակը թելադրված է ոչ թե ընդհանուր բարօրության պահանջով, այլ ամեն գնով իշխանության ձգտող մենատնտեսի հոգեբանությամբ»,- ասաց գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը:
Սակայն, նրա կարծիքով, վատ ընտրություններից ոչ պակաս հոռի դրսևորումներ հանդիպում ենք ամեն օր և ամեն քայլափոխի. «Կնշանակի՝ կա ավելի մեծ բան փոփոխելու անհրաժեշտություն: Ինքներս մեզ փոխելու պահանջը կա»:
Արձակագիր, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի կարծիքով՝ «Խորհրդարանական ընտրությունների պատկերը չուգունե փուչիկ է, որը փչվում է միակարծության մարդակեր գազով...»։
Գրողներից ոմանք անիմաստ գտան խոսել ընտրությունների մասին, քանի որ, եղածն եղել է, և ունենք, ինչ ունենք, իսկ բանաստեղծ Հենրիկ Էդոյանի խոսքերով՝ «Գնացքն արդեն մեկնել է»։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն ասաց. «Այս ընտրությունների մասին կամ ոչինչ, կամ ընդհանրապես ոչինչ»։
Ավելի լավատեսական էր գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի կարծիքը։ «Իմ տեսած ընտրություններից առավել հաջողը սա էր,- ասաց նա,- հաջողված այն իմաստով, որ հնարավորություն էր տալիս քաղաքական ուժերին դրսևորել իրենց»։ Իսկ արդյուքները, ըստ նրա, համոզիչ էին, և արտահայտում էին քաղաքական ուժերի իրական տրամաբանությունը։