Փոխհատուցում ավիավթարի զոհերի հարազատներին
Ինդոնեզիայի կառավարությունը որոշել է 4,5 հազարական դոլարի չափով փոխհատուցում տրամադրել աղետի ենթարկված ռուսական «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռի զոհված ուղևորների հարազատներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, հայտնել է Ինդոնեզիայի Ազգային բարեկեցության հարցերով, համակարգող նախարար՝ Ագունգ Լակսոնոն։
Նրա խոսքերով՝ փոխհատուցման գումարը վճարելու է պետական Jas Rahardjo ապահովագրական ընկերությունը։ Նախարարը նշել է, որ Ինդոնեզիայի գործող օրենքի համաձայն փոխհատուցումը տրամադրվում է միայն կանոնավոր չվերթ կատարող անձնակազմի հարազատներին, սակայն այս անգամ բացառության կարգով, Ինդոնեզիայի կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցել նաև ուղևորների հարազատներին՝ հարգելով նրանց վիշտը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
Հիշեցնենք, որ «Սուխոյ Սուպերջեթ 100» ինքնաթիռը աղետի է ենթարկվել Ինդոնեզիայում՝ մայիսի 9-ին, ցուցադրական թռիչքի ժամանակ՝ բախվելով Սալակ լեռանը։ Ինքնաթիռի բոլոր 45 ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։