«Երկիր մեդիա»-ն կներկայացնի իր փաստարկները
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մայիսի 18-ին քննարկելու է «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Երկիր Մեդիա» հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը` հանձնաժողովն իր ներկայացրած արձանագրությունում նշել է, թե իբր հեռուստաընկերությունը նախընտրական շրջանում քաղաքական ուժերին լուսաբանելիս չի պահպանել հավասար պայմանները:
«ՀՌԱՀ-ի ներկայացրած փաստարկների հետ մենք համաձայն չենք: Այժմ փորձում ենք հասկանալ, թե խոսքն ինչումն է, եւ այս պահին զերծ կմնամ որեւէ մեկնաբանությունից: Մայիսի 18-ի նիստում կներկայացնենք մեր փաստարկները»- նշեց Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ՀՌԱՀ-ի կողմից 2-րդ անգամ է ենթարկվում վարչական պատասխանատվության: Մայիսի 11-ին հեռուստաընկերությունը տուգանվեց 1 մլն դրամով` քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար: