Նորագավիթցիները նամակ են գրել
Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է ոչնչացնել Նորագավիթի մոտ 15 հազար մրգատու ծառերի եւ խաղողի այգիները, որպեզի ֆուտբոլի ֆեդերացիան նոր մարզադաշտ կառուցի: Այս մասին ահազանգում են Երեւանի Շենգավիթ համայնքի Նորագավիթ թաղամասի մի խումբ բնակիչներ: Նրանք դիմել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակը հրապարակել է «Էկոլուրը»։
«Մեծարգո պարոն վարչապետ,
Նորագավիթ թաղամասի կոլտնտեսության լուծարումից հետո` 1992 թ-ի նոյեմբեր ամսից, հողատարածքների շուրջ 350 հեկտարից 90հա-ն սեփականաշնորհվեց, իսկ մնացած 260 հա-ն վարձակալական հիմունքներով տրվել է բնակչությանը` օգտագործելու: Հողի վարձակալական պայմանագիր կնքվեց մինչեւ 2004թ-ը եւ չշարունակվեց, իսկ ոռոգման ջրինը` երեք տարին մեկ մինչեւ այսօր:
Բոլոր վճարումները կատարվել են ժամանակին, որի հիման վրա ստացել ենք կտրոններ: 2012թ. ապրիլի 11-ին մի խումբ մարդիկ մուտք գործեցին հողատարածք` հորդորելով մարդկանց, որ մենք քաղաքապետարանից ենք եւ այդ հողերը վերցված են, ձեզ չենք թույլատրում հողատարածք մտնել: Մենք բնակիչներով հավաք կազմակերպեցինք քաղաքապետարանի մոտ: Մեզ հայտնեցին, որ այսօր` երեկոյան ժամը 4-ին, ձեզ կպատասխանենք, բայց ոչինչ չպատասխանեցին: Հաջորդ առավոտյան, տնակ տեղադրելով Արտաշատի խճուղու մայթեզրին, մարդկանց թե ընկերական, թե համոզմունքով, եւ թե հորդորանքով շուրջ 70 հա հողատարածք վերցրեցին: Կան այնպիսի մարդիկ, որոնք իրենց հողերի տեղն անգամ չգիտեին, եւ մի քանի դրամն իրենց համար մեծ նշանակություն ունի, որից տուժեց ողջ բնակչությունը: 12 հա հողի մասին դեռ ոչինչ չեն հայտնում, բայց քաղաքապետարանից տեղեկացանք, որ այդ տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է հատկացվի` մարզադաշտ պատրաստելու համար: Այս տարածքում տնկված են մոտ 15 հազար պտղատու ծառեր եւ եւ խաղողի այգիներ, եւ գյուղատնտեսության համար բարձր որակի հողատարածք է, որի ոչնչացումից թթվածնի մեծ աղետ կլինի թե Նորագավիթի, եւ թե շրջակա միջավայրի համար: Նույն ճակատագիրն ունի նաեւ հարակից 10 հա տարածքը, որը նախատեսված է ավտոկայանատեղ պատրաստելու համար, որտեղ մշակվում են խաղողի եւ պտղատու ծառեր:
Բնակիչները խնդրում են Ձեզ, համապատասխան միջոցներ ձեռնարկել` հողօգտագործողներին զերծ պահելու նման իրավիճակից եւ թույլատրել սեփականաշնորհելու, կամ երկարացնելու վարձակալման պայմանագրերը: Հարգանքներով մի խումբ բնակիչներ»,- ասված է դիմումում, որի տակ ստորագրել է Նորագավիթի 28 բնակիչ: