Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վկայի ցուցմունքը գրել էր քննիչը (տեսանյութ)

Հասարակություն
9da82d6b748c8ec585578166c4f41f24

Դատարանը չի կարողանում բերման ենթարկել ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով վկաներին:

Ըստ երիտասարդների պաշտպանի՝ պատճառն այն է, որ այդ վկանների նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականությանը:

Խոսքը երկու վկաների մասին է: Այսօրվա դատավարության ընթացքում հայտարարվեց, որ վկա Ավետիս Ամիրջանյանը բացակայում էր հանրապետությունից, իսկ Հայկ Մաթեւոսյանը՝ Երեւանից։

«Այդ վկան, ականատես վկա էր, ուներ միջադեպին հարակից տարածքում տեղադրված կրպակ, որտեղ եղել է դեպքի պահին, տեսել է այն ամենը, ինչ կատարվել է»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը։

Ամբաստանյալի աթոռին հայտնված ՀԱԿ ակտիվիստների պաշտպանը չի բացառվում, որ այդ վկան դատարանում բոլորովին այլ ցուցմունքներ կտար։
«Մեղադրանքի կողմը շահագրգռված չի եղել, որ այդ վկաները ցուցմունք տային եւ վկան էլ միտումնավոր խուսափել է դատարանից»,- նշեց նա։

Նախաքննության ընթացքում վկա Հայկ Մաթեւոսյանի ցուցմունքը քննիչի ձեռագրով.

«Կարդացվել է ցուցմունքը, որի տակ վերջում ստորագրվել է։ Ես կարծում եմ, որ բոլորին էլ հայտնի է, թե ինչ ձեւով է դա կատարվել, կարդացվել է այդ ցուցմունքը, թե՝ ոչ»։

Հիշեցնենք, որ գործով անցնող 4 երիտասարդները՝ Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Սարգիս Գեւորգյանը մեղադրվում են անցյալ տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի հարակից տարածքում ոստիկաններին դիմադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ։

Կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է միայն Տիգրան Առաքելյանի նկատմամբ։ Այսօր դատաքննության ընթացքում Տիգրան Առաքելյանը եւս մեկ անգամ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։

Իսկ գործով մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը շարունակում է պնդել, թե ՀԱԿ ակտիվիստների մեղքը լիովին ապացուցվել է։
«Դատաքննության ընթացքում ձեռք չի բերվել մի այնպիսի ապացույց, որը կհակասեր այն ապացույցներին, որը ես հաստատել եմ մեղադրական եզրակացության ժամանակ»,- «Ա1+»-ին հայտնեց նա։

Դատական հաջորդ նիստի ընթացքում ցուցմունքը կտան գործով անցնող մյուս 3 երիտասարդները՝ Դավիթ Քիրամիջյանը, Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը։