Հաջորդ քայլերը դեռեվս հստակ պլանավորված չեն
Սենատի Օտարերկրյա Հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել 2013 Ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը և քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում ` ներառյալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):
Հատկացումների հանձնաժողովը խորհուրդ տվեց ՙնախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերին և հակամարտության հետ կապված կարիքների համար՚: Ի հավելումն` հանձնաժողովը կոչ արեց ՙհասնել հակամարտության խաղաղ լուծմանը՚, իսկ օրինագիծը ֆինանսավորում կապահովի ՙփոխվստահության ստեղծման միջոցառումների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործողությունների համար, ինչը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղին՚:
ՙԱյն որ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը ներառում է Լեռնային Ղարաբաղը աջակցության տրամադրման իր նախագծում առաջ է տանում ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում և մտադրված է օգնություն տրամադրել այս հակամարտությունից տուժածներին՚, - ասաց սենատոր Մարկ Քիրքի մամլո խոսնակը:
Օրինագծին առնչվող աղբյուրներում նշված է, որ տնտեսական և ռազմական աջակցության առումով Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է նախագահի կողմից արված պահանջին, ըստ որի պետք է հատկացվի 27,33 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության համար, 2,5 միլիոն ԱՄՆ դոլար Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 միլիոն ԱՄՆ դոլար Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության համար: Վարչակազմը նաև կոչ արեց Հայաստանին հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար և 600,000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության ծրագրի համար:
Օրինագիծը վերստին անգամ նշեց Ազատությանն աջակցող ակտի 907-րդ հոդվածի մարդասիրական և այլ օգնությանը վերաբերող վեց շտկումները: 907-րդ հոդվածը ուժի մեջ մտավ 1992 թ.-ին և պահանջում է Ադրբեջանի կառավարությանը ՙտեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումների և ուժի այլ ագրեսիվ կիրառումների վերացման ուղղությամբ՚ :
Սենատոր Փաթրիկ Լիհին, ով Օտարերկրյա գործողությունների հատկացումների հանձնաժողովի նահանգային նախագահողն է, նշեց, որ չնայած ըստ ՙերկկուսակցական օրինագծի՚ ընդհանուր ֆինանսավորումը ՙ2,6 միլիոն ԱՄՆ դոլարից քիչ է նախագահի նախնական խնդրանքից և 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2012 ֆինանսական տարվա մակարդակից՚, սակայն համենայն դեպս ՙառաջ է տանում երկու կուսակցությունների սենատորների կողմից նշված առաջնահերթությունները՚:
Այս օրինագծի և ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ կապված հաջորդ քայլերը դեռևս հստակ պլանավորված չեն: