«Սասունցի Դավիթ»-ը՝ կիսակառույց
«Սասունցի Դավիթ» կինոթատրոնն այսօր կիսակառույց է ներկայացնում։
Կինոթատրոնը հյուրանոց կառուցելու նպատակով քանդվել է դեռ Խորհրդային տարիներին , սակայն աշխատանքներն այդպես էլ չեն ավարտվել։
«Գուցե զանազան աղտոտությունները մաքրելու դժվարությունն է պատճառը, որ շինարարությունը չի շարունակվում»,- շենքի վերաբերյալ ասում է «Էրեբունի» համայնքի բնակիչ Մարինե Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ 2011 թվականին լրագրողների հետ զրույցում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ փորձ է արվելու հնարավորինս շուտ՝ մի քանի ամսում, կազմել նախագիծ և սկսել շինարարությունը։
Ընդ որում, նպատակ կար վերականգնել «Սասունցի Դավիթ» կինոթատրոնը։ Չնայած սրան՝ ոչ մի քայլ դեռ չի արվել, տարածքը կարծես, ինչպես ասում են բնակիչները, «անտեր լինի»։
Ինչպես մեզ տեղեկացրին Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանում, շենքի սեփակության իրավունքը դատարանում վիճարկող երկու կողմերը դեռ համաձայնության չեն եկել, և թերևս սա է շինարարության դադարի պատճառը։
Մինչ դատարանում վիճարկվում է օրըստօրե ավելի քայքայվող շենքի և տարածքի սեփականության հարցը, տարածքի բնակիչները փորձում են հաշտվել անօթևան մարդկանց գիշերային ներկայությանն այդտեղ եւ գարշահոտությանը։։