«Էստի համեցեք» էին կանչում մշակույթի գործիչները (տեսանյութ)
«Ջուր, պաղպաղակ, համեղ թխվածքաբլիթներ, օգնեք մեր երեխաներին»,- երեկ Հաղթանակի զբոսայգում կանչում էին հայ մշակույթի գործիչները, որտեղ նրանք սնունդ և զանազան այլ մանր բաներ էին վաճառում: Վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ գնալու է կարիքավոր երեխաներին:
Ակցիան անցկացվում էր «Լավագույնը մեր երեխաներին» կարգախոսով: Այն մեկնարկեց «Մայր Հայաստան» հուշարձանի մոտից: Ակցիայի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ, ստացան Արարատյան թեմի առաջնորդի օրհնությունն ու բարի երթի մաղթանքը, ապա մոտեցան զանազան կրպակների և սկսեցին նախատեսված վաճառքը:
«Սա միջոցառում չէ, այլ անհրաժեշտություն,- ասաց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը,- հնարավորություն` մեր մեջ եղած բարությունը դրսևորելու, իսկ եթե չկա, այն մեր մեջ սերմանելու համար»: Այնտեղ էին հեռուստասերիալների, հումորային ծրագրերի դերասանները, երգիչ-երգչուհիներ: Երեխաները մոտենում էին նրանց, ինչ-որ բան գնում և լուսանկարվում նրանց հետ:
Նրանք բոլորը միաձայն նշում էին, որ սիրով են եկել մասնակցելու բարեգործական ակցիային: «Եկել եմ մասնակցելու, քանի որ մեր գալիք սերնդի համար է արվում այս գործը: Երեխաները մեր երկրի ապագան են, և նրանք են վաղը շենացնելու մեր երկիրը»,- ասաց դերասան Տիգրան Ներսիսյանը:
Այս նախաձեռնությունը ՀՕՖ-ինն է, և արդեն 4 տարի է, որ ակցիան իրականացվում է: Ինչպես նշեց Արա Գևորգյանը, նախորդ տարի մոտ 1միլիոն 300 հազար դրամ է հավաքվել: Այս տարի, նրա համոզմամբ, նույնպես զգալի գումար կհավաքվի: