Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդեն հավաքում են ճամպրուկները

Հասարակություն
a8afca82500fa4abc24c48a5fd6cbf0d

Ծովային հանգիստ նախընտրողների համար արդեն սկսվել է հանգստի թեժ սեզոնը: Մայրաքաղաքի տուրիստական գործակալությունները, որոնք հիմնականում սպասարկում են արտերկրում հանգստանալ ցանկացողներին, արդեն իսկ անցել են աշտանքային բուռն պրոցեսի:

Թեև մեր այցելած մոտ 15 տուրիստական գործակալությունների աշխատակիցներից ընդամենը մի քանիսը ցանկացան զրուցել մեզ հետ, այնուամենայիվ, մեզ հաջողվեց պարզել, թե հայաստանցիները հիմնականում որ երկրներում են նախընտրում հանգստանալ:

«Թվավելլանդ» տուրիստական գործակալության տուր-մենեջեր Մարիանան մեզ հետ զրույցում նշեց, որ հայերը ամռանը հիմնականում մեկնում են Վրաստան, Անթալիա, Թունիս, Բուլղարիա: Քիչ չեն նաև Իտալիա և Իսպանիա մեկնողները: «Նվազագույնը 3000- 4000 եվրոյով է անհրաժեշտ Եվրոպայում կազմակերպել հանգիստը: Վրաստան հիմնականում մեկնում են ավտոբուսներով կամ գնացքով, իսկ Անթալիայում հանգստանալու համար մեկ ամիս շուտ պետք է դիմել, որովհետև տեղերը սպառվում են»,- նշեց Մարիանան: Նրա խոսքերով քիչ չեն նաև ձմռանը հանգստի մեկնողները, որոնք նախընտրում են Արաբական միացյալ էմիրաթները և Թայլանդը: «Վերջերս շատացել են նաև Ինդոնեզիա մեկնել ցանկացողները»,- ասաց նա:

Հանգստանալու հայերը հիմնականում մեկնում են իրենց ընտանիքներով կամ զույգերով: Ինչպես նշեց «FES tour» տուրիստական գործակալության տնօրեն Արմեն Շուշանյանը. «Հանգստանալու մեկնում են հիմնականում հունիս- օգոստոս ամիսներին: Տարքիային սահմանափակում չկա. նույնիսկ տարեց մարդիկ են մեկնում հանգստանալու և հիմնականում 14 օրով»,- ասաց Արմեն Շուշանյանը: Նվազագույնը 400 հազար դրամ է անհրաժեշտ, ըստ նրա, 14 օրով լիարժեք հանգստանալու համար, օրինակ՝ Բուլղարիայում:

Անահիտը պատրաստվում է ընկերների հետ մեկնել Վրաստան, որովհետև այնտեղ հանգստանալն ավելի մատչելի է: «Քանի որ ցանկանում են ծովափ գնալ, իսկ Բուլղարիա կամ, օրինակ, Իտալա գնալու հնարավորություն չունեմ, դրա համար որոշել եմ ընկերներիս հետ գնալ Բաթումի: Անցած տարի էլ Վրաստանում էի, բայց Բաթումիի փոխարեն Քոբուլեթի էի գնացել»,- ասաց Անահիտը:

Մեր հարցման ընթացքում պատահեցին նաև այնպիսի մարդիկ, ովքեր պատրաստվում են մեկ կամ երկու շաբաթով հանգստանալու գնալ Արցախ: «Օգոստոսին անպայման գնալու եմ Քաշաթաղ, Քարվաճառ: Կլինեմ նաև Ստեփանակերտում, բայց մնալու եմ Շուշիում»,- ասաց Ռուբենը:

Իսկ մեր քաղաքացիների մեծ մասն էլ ամռանը չի մեկնելու կուրորտային որևէ երկիր, որովհետև ֆինանսական պայմանները թույլ չեն տալիս: Կգնամ Սևան, Դիլիջան, Հանքավան կամ Հայաստանի որևէ այլ վայր, կամ էլ պարզապես կգնան գյուղ` որևէ բարեկամի տուն, կամ էլ չեն հանգստանալու։