Հողը ցնցվել է
Ապենինյան լեռնաշղթայում երկար ժամանակ է ստորերկրյա ցնցումները չեն դադարում։ Միայն վերջին մեկ օրում ըստ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալների՝ գրանցվել է 55 ցնցումներ՝ 2,0 մագնիտուդ հզորությամբ։ Ցնցումները նոր նյութական վնասներ չեն պատճառել, սակայն նպաստել են նախկին ցնցումների ժամանակ վթարված շենք շինությունների փլուզմանը։ Բարեբախտաբար, բնակիչները նախորդ երկրաշարժների պատճառով տարհանված են եղել, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
Այսօր ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ այս անգամ Եգիպտոսում։ 5,6 և 5,2 մագնիտուդ հզորությամբ ցնցումները զգացվել են այսպես ասած՝ Մեծ Կահիրեի գավառում։ Բուն մայրաքաղաք Կահիրեում ցնցումները զգացվել են որոշ շրջաններում միայն։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Սեյսմոլոգների կարծիքով Եգիպտոսի երկրաշարժը շարունակությունն է Թուրքիայում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։
Թուրքիայում երկրաշարժից 60 մարդ տուժել է
Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա գավառում այսօր 6,0 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումը տևել է ավելի քան 30 վայրկյան, որին հաջորդել են ևս 7 ցնցումներ 3,3- 4,9 մագնիտուդով։
Երկրաշարժը հստակ զգացվել է նաև Թուրքիայի ծովափնյա մի շարք քաղաքներում՝ Մարմարիսում, Ֆետհիեյում և Անթալիայում։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն տուժել է 60 մարդ։ Նրանցից մեկը վախից թռել է բարձր պատշգամբից, որի հետևանքով ստացել է ծանր կոտրվածքներ։ Անցյալ տարվա երկրաշարժը Թուրքիայի քաղաքացիները դեռ չեն մոռացել, այդ պատճառով տուժածների մեծ մասը բժշկին է դիմել հոգեբանական շոկի պատճառով։
Ներկայիս երկրաշարժը նյութական լուրջ վնասներ չի պատճառել։ Միայն Ֆետհի գավառում ժայռից պոկվել է մի հսկա քարակտոր, որը հարվածելով բնակելի շենքերից մեկին՝ ընկել է մոտակայքում կայանված ավտոմեքենայի վրա։
Սեյսմոլոգները չեն բացառում, որ ցնցումները կկրկնվեն, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը։