Ազատամարտիկը զենքը թողել է դպրոցի մոտ
Ոստիկանության ամփոփագրից
Հունիսի 10-ին, ժամը 16.10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը նախկին ազատամարտիկ է և թիվ 126 դպրոցի հետնամասում գտնվող մարզադաշտում զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով, հակատանկային նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի պահունակ և տարբեր տրամաչափի 232 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 10-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս մի տղամարդուց ահազանգ է ստացվել, որ կնոջ հայրը Բագրևանդի փողոցում` փոսի մեջ, զենք է գտել:
Նույն օրը, ժամը 15.00-ին, 1967 թ. ծնված Ռաֆայել Կ.-ն բաժին է ներկայացրել 9 մմ տրամաչափի «ԿՈՄԲԱՏ» տիպի ատրճանակ` 16 փամփուշտով և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, զենքը գտել է Բագրևանդի փողոցում:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 10-ին, ժամը, 19.00-ին, 1967 թ. ծնված Հունան Շ.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 220 փամփուշտ, ինքնաձիգի փամփշտակալ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ՈւՊԳ-8» տիպի 26 մմ տրամաչափի 2 փամփուշտ ու հայտնել, որ դրանք ձեռք է բերել 1992-1994 թթ.՝ ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: