Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնավոր բուհերի համար դժվար է լինելո՞ւ

Հասարակություն
2b4ca68c3ee9d7246a26a6fd9da64aca

Հուլիսի 1-ից Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարության պատասխանատվությունը, և այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ` գործընթացի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով:

Այս մասին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, ով հանդիպում է ունեցել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք հարցեր:

Ըստ ԿԳՆ մամլո հաղորդագրության՝ Ա. Աշոտյանը ևս մեկ անգամ ռեկտորներին հիշեցրել է, որ առաջիկա երեք տարիները բեկումնային են լինելու Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի համար, և մինչև 2015 թվականը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հայաստանյան բուհերը պարտավոր են ի կատար ածել այդ ուղղությամբ իրականացվող նվազագույն ծրագիրը, մասնավորապես, որակի ապահովման, որակավորումների ազգային շրջանակի, ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում: Բացի այդ, Արմեն Աշոտյանը ռեկտորներին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բոլոր բուհերում խստացնելու է իր վերահսկողական գործառույթը. ոչ պետական բուհերում վերահսկողությունն իրականացվելու է "Լիցենզավորման մասին" ՀՀ նոր օրենքի դրույթներին համապատասխան, իսկ պետական բուհերում` նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրությունների միջոցով: Ա. Աշոտյանը հավելել է, որ ուսումնասիրությունները վերաբերելու են բուհում կրթական գործընթացի կազմակերպման օրինաչափությանը, օրինականությանը և համապատասխանությանը ՀՀ օրենսդրությանը, ՀՀ կառավարության որոշումների և ԿԳ նախարարի հրամանների իրականացմանը: Այդ առնչությամբ նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է բուհերին տրամադրել ուսումնասիրությունների համապատասխան թերթիկը և ժամանակացույցը:

Միաժամանակ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ կարգապահական խստացումներին զուգահեռ` պետությունը պատրաստ է ավելացնել բուհերի ազատությունները` հաշվետվողականության, կարգապահության և պատասխանատվության բարձրացմամբ: Նա տեղեկացրել է, որ մոտ ապագայում ՀՀ կառավարության նիստում կքննարկվի ՀՀ պետական բուհերից մեկին` ՊՈԱԿ-ի կարգավիճակից հիմնադրամի փոփոխելու հարցը: Ըստ Արմեն Աշոտյանի` վերոնշյալ փորձնական ծրագրով կորոշվի` որքանով է նման կարգավիճակն առավել նպաստավոր կրթական ծառայությունների մատուցման համար, և փորձարկման արդյուքներից է կախված մյուս բուհերի կարգավիճակի փոփոխության խնդիրը: