Գողացել են հեռախոս ու վառելիք
Ոստիկանության ամփոփագրից
Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի կին և հայտնել, որ հունիսի 18-ին, ժամը 18.00-ին, Սունդուկյանի անվան թատրոնի այգում գողացել են 13-ամյա որդու «Նոկիա-300» մոդելի բջջային հեռախոսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Նույն օրը ոստիկանության ծառայողները «Կոնգրես» հյուրանոցի հարևանությամբ գտնվող Անգլիական այգուց Վարդան Ս.-ին բերման են ենթարկել:
Կատարվում է նախաքննություն:
«Ֆորդ Տրանզիտ»՝ բեռնված փայտանյութով
Հունիսի 19-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել 1988 թ. ծնված Գերասիմ Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված 3,5 խմ փայտանյութով:
Գերասիմ Կ.-ն չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ՝ հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է Վանաձոր քաղաքի բնակիչ Արմեն Բ.-ին:
Գերասիմ Կ.-ն՝ փայտանյութով բեռնված ավտոմեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Բաժին են հրավիրվել երկու կանայք
Հունիսի 19-ին, ժամը 15.30-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արթիկի բաժին է հրավիրվել 1961 թ. ծնված Լամարա Տ.-ն: Նա խոստովանել է, որ 1981 թ. ծնված Ազատուհի Վ.-ի հետ 2008 թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Սարալանջ գյուղի մի բնակչուհու տնից գողացել են 2 գորգ և անկողնային պարագաներ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննության ընթացքում կանայք խոստովանել են նաև, որ 2008 թ. աշնանը, դռան փականը կոտրելով, Արթիկ քաղաքի մի բնակչի տնից գողացել են 3 գորգ և տնային պարագաներ` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:
Հավաքել էր օգտագործելու համար
Թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հունիսի 19-ին, ժամը 20.30-ին, Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Վարուժան Ղ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 7,8 գ կանաչավուն կանեփանման զանգված:
Վարուժան Ղ.-ն հայտնել է, որ զանգվածը հավաքել էր նույն օրը «Ավտոկայան» բանավանի տարածքից: Այն հետագայում չորացնելու և օգտագործելու էր:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Տղան հանձնվել է ծնողներին
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք. հունիսի 6-ին, «Ասեկոսե.ամ» ինտերնետային կայքում հրապարակում էր տեղադրվել, որ Արտաշատի զբոսայգու հրաձգարանում մի երիտասարդի կրակոցից կոտորակը խրվել էր այդ պահին զբոսայգում գտնվող կանանցից մեկի մարմնի մեջ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ հունիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, զբոսայգու տարածքում գտնվող հրաձգարանում, երբ 10 տարեկան անհայտ երեխան օդամղիչ հրացանով կոտորակ է կրակել, անզգուշության հետևանքով կոտորակը դիպել է 1961 թ. ծնված Անյա Բաբայանի աջ ձեռքին և պատճառել վնասվածք:
Ա. Բաբայանից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 19-ին, ժամը 12.00-ին, բաժին է ներկայացել 11-ամյա Անդրանիկը և խոստովանական բացատրություն տվել:
Տղան հանձնվել է ծնողներին:
Քննությունը շարունակվում է:
Հետախուզվում էր Ստավրոպոլի իրավապահների կողմից
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 23.00-ին Մաշտոցի պողոտայի թիվ 42/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Հայկ Շիրինյանին, որը 2009 թ. օգոստոսի 8-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Աշտարակ-Երևան ճանապարհին
Հունիսի 19-ին, ժամը 20.50-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բետոնե հենասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այրվել է պահեստավորված 200 հակ խոտը
Հունիսի 11-ին, ժամը 09.05-ին, ՀՀ ԱԻՆ Արթիկի ՀՓՋ-ից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի բնակիչներից մեկի մարագում:
Հրդեհը մարվել էր նույն օրը՝ մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հրդեհի հետևանքով այրվել են մարագի 16 քմ մակերեսով տանիքի հիմնատարրերն ու այնտեղ պահեստավորված 200 հակ խոտը, ինչի հետևանքով պատճառվել է ընդհանուր առմամբ 230.000 դրամի նյութական վնաս:
Հանգամանքները պարզվում են: