Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանն այցելել է Արմենոպոլիս

Պաշտոնական
b33decf17064a660c5dca20834fa30e5

Հունիսի 22-23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Տրանսիլվանիայի Գեռլա, պատմական Արմենոպոլիս քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա գտնվելով Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաեւ մասնակցել մշակութային միջոցառումների:

Հունիսի 23-ի առավոտյան քաղաքապետարանում ծավալված զրույցին, որին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, Ռումանահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը, ՌՀՄ գլխավոր քարտուղար Պերճ Մարգարյանը, ՌՀՄ Գեռլայի մասնաճյուղի նախագահ Յանոշ Էստեգարը, Բուխարեստի «Արարատ» հրատարակչության տնօրեն Սիրուն Թերզյանը եւ առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս քահանա Բոգդանը, մտքեր փոխանակվեցին Գեռլա քաղաքում հայկական մշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ Հայաստանի հետ կապերի հաստատման մասին: Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրել է նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջեւ: Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերին Գեռլայում ընդունել Իջեւանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին եւ ստորագրել համագործակցության համաձայնագիր:

Մարիուս Սաբոն իր նախորդի նման հավաստիացրել է, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգեւոր եւ աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են եւ շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Երկուստեք նշվել է, որ ինչպես Գեռլայում, այնպես էլ Ռումինիայի բազմաթիվ քաղաքներում հայերի դարավոր ներկայությունը, նրանց մատուցած արժեքավոր ծառայությունները ռումին պետությանը եւ ժողովրդին, համատեղ ապրելու փորձը, միմյանց ճանաչողությունը եւ փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում առավել սերտացնելու հայ-ռումինական բարեկամությունը եւ համագործակցությունը բոլոր ոլորտներում: