Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսն ընդունել է նախարարին

Պաշտոնական
e27ff2f2e02ce9e5abcb0a39906557e7

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար տիկին Ռասա Յուկնևիչիենի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախությամբ արձանագրել է, որ Հայաստանի և Լիտվայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, որոնք տարեց տարի ավելի են սերտանում և բազմաբնույթ ընդգրկում ստանում: Նորին Սրբությունը մասնավոր գոհունակություն է հայտնել երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող համագործակցության առիթով:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրերին ներկայացրել է հայ ժողովրդի կյանքում թե´ պատմության ընթացքում և թե´ այսօր Եկեղեցու ունեցած դերակատարությունը` մասնավորապես անդրադառնալով քրիստոնեական արժեքների և ժողովրդի քրիստոնեական նկարագրի անաղարտ պահպանման համար Եկեղեցու կողմից գործադրվող ջանքերին:

Իր հերթին տիկին Յուկնևիչիենին նույնպես կարևորել է քրիստոնեական արժեքների և Եկեղեցու դերակատարությունը հասարակության կյանքում` այս առնչությամբ հիշատակելով նաև խորհրդային տարիներին եղած արգելքները:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել բանակում հոգևոր սպասավորների կարևոր ծառայությանը և այս կապակցությամբ երկու երկրների փորձառությանը:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի, ինչպեսև երկու երկրների հոգևոր կյանքի, Քույր Եկեղեցիների ու այլ կրոնների հետ Հայ Եկեղեցու հարաբերությունների մասին:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության լիազոր և արտակարգ դեսպան Գեդրիուս Ապուոկասը: