Նախարարը հանդիպեց դեսպանին
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:
Նախարարը դեսպանին ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը` մասնավորապես կարևորելով արգենտինահայ համայնքի մասնակցությունը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին և «Արի տուն» ծրագրին:
Դեսպանը նշել է, որ արգենտինահայ համայնքը լիովին ինտեգրված է Արգենտինայի քաղաքական, տնտեսական և հասարակական կյանքին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ մշակութային, կրթական ծրագրեր իրականացնելու և Հայ առևտրաարդյունաբերական պալատների ցանցի և Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատի միջև համագործակցության հեռանկարները: Մասնավորապես քննարկվել է «Հայի հետքը Արգենտինայում» ծրագրի իրականացման, արգենտինահայ համայնքի մասին ֆիլմի նկարահանման և Արգենտինայում Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումների արբանյակային հեռարձակման հնարավորության հետ կապված հարցեր:
Նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում Արգենտինայի դեսպանությանը նվիրել է «Հայկական Սփյուռք 2010» տարեգիրքը: