Երկօրյա այցով ՀՀ կժամանի
Հուլիսի 4-5-ը կկայանա Ռուսհամագործակցություն Դաշնային գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչյովի առաջին աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Ռուսհամագործակցության ղեկավարի և Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Այցի շրջանակներում նախատեսվում է՝ հուլիսի 4-ին ժամը 18.00-ին Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում Ռուսհամագործակցության ղեկավար Կ. Կոսաչյովի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանի հանդիպումը Ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոնում փորձագիտական պրեզենտացիա անցած 20 նորարարական նախագծերի հեղինակների, Երիտասարդ նորարարի դպրոցի ունկնդիրների (Գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների) հետ` ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի մինչև 2012թ. ընկած ժամանակահատվածում իրականացման հարցերով և ռուս-հայկական միջտարածաշրջանային համագործակցության վերաբերյալ:
Հուլիսի 5-ին ժամը 12.00 Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչությունում նախատեսվում է Ռուսաստանյան կրթական և տեղեկատվական ռեսուրսների կոլեկտիվ հասանելիության կենտրոնի բացում, Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության կայքի հայալեզու մասի պրեզենտացիա:
Նույն օրը ժամը 16.00 ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի կունենա հանդիպում ՀԿ-ների ներկայացուցիչների` քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միության, ռուսագետների և ռուսաց լեզվի ուսուցիչների հայկական ասոցիացիաների և Ռուսհամագործակցության ներկայացուցչության հետ համագործակցող այլ կազմակերպությունների ակտիվիստների հետ։
Այնուհետեւ ժամը 18.00 Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակի կապակցությամբ` Սուրբ Էջմիածնի պաշտպանության ժամանակ, թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքի դեմ ճակատամարտում զոհված, Ռուսական կայսերական բանակի գեներալ Կրասովսկու ջոկատի 1130 զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ տեղի կունենա Պսակի հանդիսավոր տեղադրում և հուշո ծառի տնկում:
Հենց այստեղ էլ սկիզբ կդրվի Հիշողության ռուս-հայկական էստաֆետային: Էստաֆետայի մոտակա փուլերից կդառնան երիտասարդական հոբելյանական ակցիաները` նվիրված Օշականի ճակատամարտի (1827թ. օգոստոսի 17) 185-ամյակին, 1812թ. Հայրենական պատերազմի 200-ամյակին, Գյուլիստանի պայմնագրի կնքման 200-ամյակին: