Տարոն Մարգարյան. «Խթան կհանդիսանա»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Շուշիում անցկացվելիք քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսի և սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետների հետ։
«Հայ-իտալական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, իսկ հայկական ու իտալական մշակույթային կապերը պատմական լուրջ կենսագրություն ունեն: Երևանը համագործակցում է Իտալիայի մի շարք քաղաքների հետ դեռ տասնամյակներ առաջ: Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցյալ տարի քույր քաղաքներ հռչակվեցին նաև Երևանն ու Վենետիկը: Երևանի քաղաքապետարանը մշտապես բաց է համագործակցության համար և պատրաստ քննարկելու մշակութային ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու առաջարկներ»,-նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` սիմպոզիումի նախագահ Վիգեն Ավետիսը, բարձր գնահատելով Երևանի քաղաքապետարանի և, մասնավորապես, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությունը սիմպոզիումի կազմակերպման հարցում, նշել է, որ իտալացի մասնագետները լի են ծրագրերով և նոր մտահղացումներով` ուղղված Արցախի և Շուշիի պատմական ու մշակութային արժեքների վերականգմանը:
Տարոն Մարգարյանն ընդգծել է միջոցառման կարևորությունը և համոզմունք հայտնել, որ սիմպոզիումի շրջանակում Երևան այցելությունը խթան կհանդիսանա հայ և իտալացի արվեստագետների հետագա համագործակցությանը և նոր ու հետաքրքիր ծրագրերի իրականացմանը նաև Երևանում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։