Քննարկել են արցախյան հիմնախնդիրը
Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև արտերկրում ֆրանսիացիների հարցերով նախարար Էլեն Կոնվայ-Մուրետը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է , որ այս հանդիպումը լավ առիթ է ամփոփելու երկկողմ հարաբերությունների ձեռքբերումները և նոր ազդակ հաղորդելու հայ-ֆրանսիական համագործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանը ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ, որոնք խարսխված են ավանդական բարեկամության վրա: Նա հավելել է, որ դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրել՝ երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի մի քանի տասնյակ փոխայցելություններ են տեղի ունեցել, ներառյալ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների փոխադարձ պետական այցելությունները:
«Երկու երկրների միջև այսօր առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, միջխորհրդարանական, ապակենտրոնացված ինտենսիվ կապեր, ֆրանսիական ընկերությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունում ծավալով երկրորդն են՝ գործում է ֆրանսիական կապիտալի մասնակցությամբ 160 ընկերություն բանկային, հեռահաղորդակցության, ագրոարդյունաբերության և այլ բնագավառներում: Ակտիվ համագործակցություն է ընթանում մշակութային և գիտակրթական ոլորտներում», - ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները անդրադարձել են տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ: Այս ենթատեքստում նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի և Ֆրանսիայի դիրքորոշումները համընկնում են:
Էդվարդ Նալբանդյանն ու Լորան Ֆաբիուսը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում հայ-ֆրանսիական համագործակցության շուրջ: Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները և այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել են Ասոցացման համաձայնագրի, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացը, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:
Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները, հասնելու հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ համանախագահ երկրների ղեկավարների՝ լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում և Լոս-Կաբոսում ընդունված հայտարարությունների և ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է արվել Իրանի միջուկային ծրագրին, Միջին Արևելքի զարգացումերին:
Էդվարդ Նալբանդյանը Լորան Ֆաբիուսին հրավիրել է այցելել Հայաստան: