Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյան. «Սո՛ւտ է, սխա՛լ է»

Պաշտոնական
c1ce95a9f54cf2f8d0104c4d1a3e0683

Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, 2012թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին։

Արդեն ավանդական դարձած այս հանդիպման ժամանակ ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:

Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել բարձր առաջադիմության և ստացած պարգևների կապակցությամբ, հաջողություններ մաղթել դպրոցականներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց նպատակներին ու երազանքին հասնելու ճանապարհին:

Նա հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ դեռևս տարիներ առաջ է հստակ որոշում կայացրել Նախագահի նստավայր հրավիրել բոլոր այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր առանձնանում են ուրիշներից իրենց գիտելիքներով, ովքեր հաղթում են միջազգային մրցույթներում, ովքեր մասնագիտական օլիմպիադաներում նվաճում են մեդալներ, որովհետև, իր խորին համոզմամբ, այդ մարդիկ, այդ թվում՝ նաև հանդիպման մասնակիցները մեր երկրի ապագայի կերտողներն են: Եվ նրանք դա անում են իրենց աշխատասիրության, հաստատակամության շնորհիվ, առանց որևէ մեկին նեղություն պատճառելու:

«Ես համոզված եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ ձեզնով ամենաառաջին հպարտացողները ձեր ծնողներն են լինելու, և այդպես էլ կա, բայց ուզում եմ նաև, որ դուք համոզված լինեք, որ ձեր թիկունքին կանգնած է մի ողջ ժողովուրդ, որ ձեր թիկունքին կանգնած է մի պետություն, որ միգուցե չունի բոլոր հնարավորությունները, բայց տարեցտարի ավելացնում է իր կարողությունները և տարեցտարի անում է հնարավորինը, որպեսզի իր երիտասարդ քաղաքացիները, իր երիտասարդ հայրենակիցներն ստանան առավելագույն օժանդակություն»,-ասել է Սերժ Սարգսյանը:

«Ես ուզում եմ, որպեսզի դուք կյանքում լինեք հաջողակ: Ուզում եմ, որպեսզի ձեր սկզբունքները բարձր լինեն: Ուզում եմ, որպեսզի հաստատ համոզված լինեք, որ այդ բարիքը՝ գիտելքը, պետք է օգտագործվի լավ նպատակների համար: Շատ մարդիկ ասում են, որ նպատակին հասնելու համար միջոցները կարևոր չեն, և կարելի է ընտրել ցանկացած միջոց: Սո՛ւտ է, սխա՛լ է: Վատ, անընդունելի միջոցներով չի կարելի հասնել լավ նպատակի, անհնար բան է: Լավ նպատակի հասնելու համար պետք է բարոյական միջոցներ օգտագործել: Անհնար է անօրինականությամբ օրինականություն հաստատել, ուղղակի անհնար է»,-ընդգծել է Հանրապետության նախագահը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դպրոցականներին և բարձր առաջադիմությամբ բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց վաստակի համար՝ նշելով, որ հանդիպմանը ներկա փոքրիկ դպրոցականներն անգամ վաստակ ունեն, եթե իրենց հաղթանակով նրանք արդեն Հայաստանի անունը որևէ տեղ հնչեցրել են: