Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդակցություն նախարարի մոտ

Պաշտոնական
7b9b551bc888a5b5f1f3ee5d7c05aa7e

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ: Հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։
Մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակը։ Մանրամասն տեղեկացրեցին վճարովի ծառայություններից և համավճարից գոյացող ֆինանսական հոսքերի, Ծննդօգնության պետական ծրագրերի գործընթացի, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

Նախարար Դումանյանը շեշտեց, որ համակարգում առկա խնդիրները համատեղ ջանքերով պիտի լուծվեն։
«Նախարարությունում հետևողական աշխատանք է տարվում ողջ համակարգի համար գործունեության հստակ կանոններ սահմանելու և դրանցով առաջնորդվելու գործընթացը մշտական հսկողության տակ պահելու ուղղությամբ։ Արդեն որոշակի քայլեր արվել են, որոնց մասին տեղեկացնում եմ նաև մարզեր կատարած այցերի ընթացքում։ Այդ համատեքստում վերջերս հաստատվեցին վիրաբուժական միջամտությունների վճարումների ստորին և վերին շեմերը։ Իմ հրամանով ամրագրվել է նաև իրականացված բժշկական ծառայության դիմաց վճարված գումարից աշխատավարձի ֆոնդին փոխանցվող տոկոսադրույքը։ Նման ևս մի շարք մեխանիզմներով մենք գործունեության հստակ կանոններ ենք սահմանում, և բոլորին պարտավորեցնելու ենք աշխատել օրենսդրական այդ դաշտում»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա պատրաստակամություն հայտնեց առողջապահության պատասխանատուների հետ առանձին-առանձին քննարկել իրենց մարզերում ազգաբնակչության թվին համապատասխան, կառավարելի և արդյունավետ աշխատող բուժինմնարկներ ունենալու տեսակետները։ Միաժամանակ հորդորեց առավել ակտիվ գործունեություն ծավալել առկա կառուցվածքային, կադրային և այլ խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամիս նախարարության մասնագետների հետ վերլուծել մարզերում գործող բոլոր բուժհիմնարկների ֆինանսական հոսքերի հաշվետվությունները։ Մանավանդ, որ որոշ մարզերում վճարովի ծառայությունների անկում է արձանագրվում։

Նախարարը տեղեկացրեց, որ մարզերի ֆինանսավորման բարելավման ուղղությամբ տարվող միջոցառումները շարունակվում են։ Շուտով ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով կտեղայնացվեն։ Դրան զուգահեռ ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։

Նա մարզային առողջապահության պատասխանատուներին հորդորեց արագ արձագանքել ազգաբնակչության դիմում-բողոքներին, ինչպես նաև ոլորտին առնչվող լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին։
Ծննդատներում անհարկի վճարովի ծառայությունների բացառման խնդիրը նախարարը նույն խստությամբ դրեց նաև մարզային բուժհիմնարկների առջև։