Կառավարությունը՝ պահնորդների մասին
ՀՀ կառավարությունը հաստատել է մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի և արտոնագրի ձևերը։ Սահմանվել է, որ մասնավոր պահնորդական գործունեության արտոնագրումն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը։
Գումար «Հատուկ կացարանին»
Գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին` ապաստան հայցողների կեցությունը և կենսապահովման պայմանները հոգալու համար։ Այս տարի նույնպես պետբյուջեի ծախսը նախատեսված էր 30 ապաստան հայցողի հաշվով, սակայն այդ անձանց թիվն ավելացել է, ուստի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
Նախարարները կգնան դպրոց
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ և ստեղծված ավանդույթի համաձայն նոր ուսումնական տարվա սկզբի և գիտելիքի օրվա առթիվ կառավարության անդամները սեպտեմբերի 1-ին կայցելեն տարբեր կրթօջախներ։
Նիստի ավարտին հայտարարվել է, որ ս.թ. սեպտեմբերի 14-ին մեկնարկելու է ֆուտբոլի ՀՀ վարչապետի գավաթի ամենամյա խաղարկությունը, որին մասնակցելու են ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների հավաքական թիմերը։