Հայերեն չգիտես, վկայական չես ստանա
Նա, ում հայերենի գնահատականը ցածր է, 12-ամյա կրթությունից հետո ավարտական հանդեսին չի մասնակցում և հայկական դպրոցի վկայական չի ստանում: Այսպիսին է Քուվեյթի միակ հայկական մասնավոր դպրոցի չգրված կանոնակարգը:
«Սփյուռքում հայ երեխաները դասերի նկատմամբ շատ ավելի լուրջ վերաբերմունք են ցուցաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Քուվեյթի հայկական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ջորջ Արաբաթլյանը: Ամեն տարի ամբողջ հանրապետության մակարդակով անպայման մի քանի հայ աշակերտ աչքի է ընկնում իր բարձր գնահատականներով:
Քուվեյթի հայկական համայնքը փոքրերից չէ՝ 3-4 հազար բնակիչ, թեև Իրաքյան պատերազմից առաջ շուրջ 15 հազարի էր հասնում բնակչության թիվը: Դպրոցը, որ hայերը համարում են ազգային կենտրոն, բուն կրթական ծրագրից բացի այլ գործառույթներ էլ է իրականացնում: Այն հայերի հավաքատեղին է, տարբեր տեսակի միությունները հենց այդտեղ են կազմակերպում իրենց հավաքները:
Պետությունը շաբաթական 9 ժամ է նախատեսում հայերեն անցկացվող դասընթացների համար: Ժամերը բաշխվում են հետևյալ առարկաների միջև՝ հայերեն (5 ժամ), կրոն (2 ժամ), նկարչություն (1 ժամ), երգ, երաժշտություն (1 ժամ): Մյուս բոլոր առարկաները մատուցվում են արաբերեն: Ի դեպ, հայերենը ուսուցանվում է Հակոբ Չոլաքյանի կազմած համադրյալ դասագրքերով՝ հայոց լեզուն և գրականությունը միասին: «Հետաքրքրվողները առանձին գրքեր են վերցնում և զբաղվում ինքնակրթությամբ»,-ասաց Ջորջ Արաբաթլյանը:
Քուվեյթաբնակ հայերը իրենց երեխաներին մեծավ մասամբ հայկական դպրոց են տանում, բայց կան նաև այնպիսիք, որ օտար դպրոցներ են նախընտրում՝ հայերենի իմացությունը չկարևորելով այնքան, որքան, ասենք,անգլերենինը:
Սիրիայի լարված իրավիճակը, ուսուցչի հավաստմամբ, անմիջական ազդեցություն չի թողել Քուվեյթի բնակիչների վրա, սակայն, իհարկե, հոգեպես ազդել է. «Այնտեղ բոլորն էլ հարազատներ ունեն»: