Երևանում ուրիշ երակ է գտել
Սփյուռքահայի կարոտի խոսքերին չպետք է հավատալ, նա, որ ուզում է գալ, կգա. հավատացած է օրերս վերջնականապես Հայաստան տեղափոխված լիբանանահայ բանաստեղծ Սագօ Արյանը։ «Մեր հայրենասիրությունը, հատկապես Սփյուռքի մասին է խոսքը, սուտ է, ոտից գլուխ կեղծ է»,- ասում է նա։ Ըստ բանաստեղծի՝ Սփյուռքում ապրող հայի համար հայրենասիրությունը տեսակը պահպանելու նպատակ ունի միայն։
Լիբանանից Հայաստան տեղափոխվելու որոշումը կնոջ հետ վաղուց են կայացրել։ Այս գործընթացում, ըստ Սագօ Արյանի, առաջին հերթին շահում են իրենց երեխաները. «Իրենք կհարմարվեն, նրանց համար այլևս կջնջվի արևելահայ, արևմտահայ անջրպետը, կխոսեն, ինչպես ցանկացած հայ է խոսում Երևանում»։
2006թ.-ից հետո առաջին անգամ Հայաստան գալով՝ առաջընթաց է նկատում։ Օրինակ՝ երևանցիները, ըստ նրա, սկսել են լավ ապրել։ «Ուղղակի Հայաստանում ապրողը պետք է հիշի, որ ինքը Կովկասի բնակիչ է։ Այստեղ արևելք չէ ու ոչ էլ արևմուտք, մի տեսակ ուրիշ աշխարհ է։ Չարենցն ասում է՝ անհյուրընկալ պատերը սև։ Կարող է մարդ հարյուր տարի ապրի ու այս խոսքերը չհասկանա կամ հասկանա», - ասում է նա։
Բանաստեղծի խոսքերով՝ Երևանում ուրիշ երակ է բացվել իր պոեզիայի մեջ, անընդհատ գրելու ցանկություն կա, որ իր կարծիքով հողից է գալիս։
Սագօ Արյանին մտահոգում է Սիրիայում տիրող իրավիճակը։ Բանաստեղծը երկմտում է՝ կմնա՞ արդյոք սիրիական գաղութը և ընդհանրապես հայությունը Միջին Արևելքում. «Պատկերը շատ մոխրագույն է, լուրերը շատ կարմիր են Հալեպից»։