«Գրելն ինտիմ բան է, իսկ այդ ո՞ւմ կարող ես պատմել»
Զրույց այս տարի գրականության բնագավառում ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած արձակագիր Նառա Վարդանյանի հետ:
-Մի քանի ամիս է անցել նախագահի երիտասարդական մրցանակը՝ 2500 դոլար ստանալուց հետո։ Զգացողությունները նո՞ւյնն են մնացել, թե՞ մրցանակ էր՝ անցավ, գնաց ։
- Զգացողություններն այնքանով են թարմ, որ մրցանակը ճանապարհորդելու դուռ է բացել։ Մեքենա եմ գնել, ճանապարհորդում եմ Հայաստանում, արդեն ճանապարհային քարտեզի վրա իմ նշումներն ունեմ' որտեղ եմ եղել, որտեղ պետք է լինեմ։
-Կարելի՞ է ասել, որ ֆինանսականից բացի նման մրցանակները ոչինչ չեն տալիս գրողին։
- Եթե այն ունենար հետևողական շարունակություն, գուցե նշանակություն ունենար մրցանակակրի համար։ Լավ կլինի շարունակաբար, գոնե մեկ տարվա շրջանակում, մրցանակ ստացած գրողի գործերը թարգմանվեն, նա մասնակցի միջազգային գրական փառատոնների։ Այսինքն՝ հիմնադրամը, որ հովանավորում է մրցանակաբաշխությունը, լայն դռներ բացի, հնարավորություն տա աշխարհի հետ շփվելու' որպես երիտասարդ գրող։ Սա իմ առաջարկն է: Կարող էր և մրցանակը ֆինանսական չլինել, բայց երկխոսության առիթներ ստեղծվեին։
Մրցանակը իրականում արտառոց որևէ բան չի տալիս։ Ասենք' արթնանայիր ու օրը ուրիշ լիներ քեզ համար, ինչ-որ բան փոխված լիներ, չեմ ունեցել նման զգացողություններ, բայց բարձր տրամադրություն ունեցել եմ։
-Այսօր շատ են շահարկում գրական սերնդի լինել-չլինելու հարցը։ Վերջիվերջո կա՞ սերունդ, թե՞ ոչ։
- Սերունդ հասկացություն կա, բայց սերունդը չպետք է դիտարկել միայն իբրև գրական սերունդ։ Գրողների դեպքում սերունդը անհատականություններից է։ Այսինքն՝ անհատ Հասմիկ Սիմոնյանը, անհատ Կարեն Անտաշյանը, անհատ Արքմենիկ Նիկողոսյանը, անհատ Արամ Պաչյանը... Իրենք անհատներով գրական սերունդ են։ Սերունդը պետք է դիտարկել անկախ քո հասարակական գործունեությունից ու դիրքից, անկախ քո տեսակետից, անկախ քո քաղաքական հայացքներից։ Նախանձում եմ 80-ականների սերնդին, որ ազատության հրապարակում էր, որ շեփորի ձայնից փշաքաղվում էր: Իսկ իմ սերնդի մասին' ես հավատում եմ իմ սերնդին։
-Վերջիվերջո ո՞րն է սերունդ կոչվածի ցուցիչը։
- Սերնդի ցուցիչը կոնկրետ ժամանակի առջևով հրվող թափորն է։ Շատ ցավոտ բան, որովհետև եթե կորցրիր տեղը, որտեղ պիտի սերնդի քո խոսքն ասես, եթե լռեցիր, կորցնում ես ժամանակը: Ժամանակը բռունցքը մեջքիդ' հրում է քեզ։ Սերնդի ցուցիչը ժամանակի ձեռքն է քո մեջքին, որ հրում է՝ չգիտես առաջ, թե ետ։
-Այսօր գրականությունը ընթերցողին հասցնելու ամենահեշտ ճանապարհը համացա՞նցն է։
-Ամենահեշտը' այո: Ես կասեի՝ համացանցը չէ, սոցցանցերը, որոնք էլ հենց «փչացնում» են ընթերցողին։ Երբ տեսնում ես անհամ պոետներ, անհամ բանաստեղծություններ, երբեմն հույսդ կտրում ես ինտերնետային գրականության առավելություններից։ Սակայն նաև տարածք է ներկայանալի գործի համար ընթերցողին ուրախացնելու տեսանկյունից։ Համացանցային գրականության տարածման գործում լավ գրականության մատուցման դերն իր ուսերին վերցրեց granish.org. կայքը' «Գրանիշ» ակումբ թիմով և պատվով հաղթահարում է բարդությունները: Սակայն բացի համացանցից կարող է և այգում նստած կարդաս, ու ինչ-որ մեկը կապվի քո տողին կամ գիրքդ տետր սարքես ու նվիրես, և էլի ինչ-որ մեկը կապվի քո տողին։ Բայց կարճ ասեմ' գրողն ընթերցող փնտրելու խնդիր չպետք է ունենա, որովհետև շատ հավանական է, որ գտածդ ընթերցողը գրականության հետ կապ չունենա: Ինքը գուցե ավելի շատ ուզում է քո սանրվածքին, քո անձնական կյանքին հետևի, ինչի արդյուքում անձնական կյանքիդ մի բեկումը կարող է բերել մի շարք ընթերցողների կորստյան: Իսկ քեզ պե՞տք են նման ընթերցողներ:
-Համացանցում գնալով շատանում են գրական խմբերը, որոնք բացվում են ոչ թե գրական այսօրվա հեղինակությունների, այլ հաճախ, մեղմ ասած, գրական միջակությունների կողմից: Գրողը ի՞նչ պետք է անի, որ հասարակությանը կողմնորոշի:
-Ցավոտ հարց: Գրողը ոչինչ չի կարող անել: Վերջերս ջնջվել եմ ֆեյսբուքյան գրական խմբերից՝ հայտարարելով, որ այլևս չեմ ուզում այդ ճահճում մնալ: Կարող են այդ խմբերում, իհարկե, լինել լավ գրողներ, բայց միջավայրը խեղդող է: Վատն այն է, որ երեք-չորս տողից ավելին չեն կարդում, ստեղծագործությունը թողած՝ մեկնաբանություններն են կարդում: Ի՞նչ իմաստ ունեն նման գրական խմբերը, որտեղ առողջ չէ մտածողությունը, որտեղ ասածդ ցանկացած խոսքն իբրև անձնական վիրավորանք է ընկալվում, պիտի հակառակը լիներ: Գրական խմբերից «Գրեթերթ»- խմբի մասին կարող եմ խոսել, որովհետև խմբի հեղինակը ես եմ, և որտեղ էլ զերծ եմ մնում տարատեսակ քննարկումներից' խուսափելով տհաճ բախումներից:
-Ինչպե՞ս Նառա Վարդանյանը մի քանի բառով կբնութագրի իրեն, իր գրականությունը, որ մարդիկ՝ նրան անծանոթ անգամ, գան դեպի իր ստեղծածը:
-Մի քիչ բարձրագոչ է հնչում «իմ գրականություն», «ես՝ գրող»... Կասեմ՝՝ ես Նառա Վարդանյանն եմ, էջադրող-դիզայներ եմ (թաքուն հույսով, որ մի քիչ ավել փող աշխատեմ :) ու մի շաբաթ անհոգ լինեմ գրելու): Չկարողացա էդպես էլ ներկայանալ որպես գրող: Շատ ժամանակ նույնիսկ ամաչում եմ ասել՝ ես գրում եմ: Գրելն ինտիմ բան է, իսկ քո ինտիմ կյանքից ո՞ւմ կարող ես պատմել:
Զրուցեց Ռուզաննա Ոսկանյանը