Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարին. «Ապշեցուցիչ է»

Պաշտոնական
93aad03876386bceddc9ae3288734c82

«Ապշեցուցիչ է, թե ինչպիսի բացահայտ ցինիզմով և միջազգային նորմերի ոտնահարմամբ է Ադրբեջանում տեղի ունենում մարդասպանի հերոսացումը: Ադրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի»,- այսօր Սերժ Սարգսյանն ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ լրագրողների ներկայությամբ։

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես են եկել հայտարարությամբ և պատասխանել լրագրողների հարցերին:

Սերժ Սարգսյանը նկատեց. « Մենք տեղեկացանք, որ հանցագործը Հունգարիայի իշխանությունների կողմից հանձնվել է Ադրբեջանին և անմիջապես ներում ստացել այդ երկրի նախագահի կողմից: Այստեղ ես «ներում» բառը վերապահությամբ եմ օգտագործում, որովհետև թեև այդ ակտը, այդ հրամանագիրը կոչվում էր «ներման հրամանագիր», բայց իր մեջ այն պարունակում էր արդարացման բովանդակություն, դրա բովանդակությունը Սաֆարովին արդարացնելն էր, որովհետև աշխարհի որևէ երկրում ներում շնորհելուն չի հաջորդում խրախուսանք, ներում շնորհվածին չեն պարգևատրում: Աշխարհի որևէ երկրում հանցագործության համար պատիժ կրելը չի համարվում աշխատանք կամ ծառայություն: Բայց նրան վարձատրեցին աշխատանքի համար, աշխատավարձ վճարեցին և կոչում շնորհեցին: Սա՛ է խնդիրը»:
Ըստ Սարգսյանի՝ սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը.«Այս իրավիճակում ոչ ոք բարոյական իրավունք չունի լռելու, անտեսելու կատարվածը: Այն միանշանակ և աներկբայորեն պետք է արժանանա համընդհանուր դատապարտման` ուղերձ հղելով արդարության հաստատման և անպատժելիության բացառման»:

«Հունգարիայի կառավարության քայլը պարզապես անընդունելի է: Հունգարիայի կառավարությունն ուղղակի չէր կարող տեղյակ չլինել, թե ինչպես էր Ադրբեջանում հերոսացվում Սաֆարով կոչված մարդասպանը, չէր կարող չկանխատեսել, որ նա ազատ է արձակվելու, առավել ևս, որ այդ մասին խոսվել էր բազմիցս և Հունգարիայի ղեկավարները հաստատել էին այդ կասկածները: Ես այսօր իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն հունգարացիներին, ովքեր այս դժվարին օրերին բարձր բարոյականություն դրսևորեցին ու նեցուկ եղան հայ ժողովրդին»,- հայտարարեց նա։

Այս համատեքստում Սերժ Սարգսյանը խոսեց ևս մեկ հարցից.
«Մենք տարբեր առիթներով բազմիցս նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, որ պաշտոնական փաստաթղթերում, հրապարակային հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին միակողմանի, բանակցային գործընթացի իրական բովանդակությունը չարտացոլող ձևակերպումները վտանգավոր են առաջին հերթին այն առումով, որ դրանք քաջալերում են Ադրբեջանի ապակառուցողական, առավելապաշտական դիրքորոշումը: Համոզված եմ, որ նաև այդ չակերտավոր քաղաքական կոռեկտությունն է հիմք ծառայել Ադրբեջանի աղաղակող այս կեցվածքին ու գործողություններին»: