Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ է ընտրում Հայաստանը

Պաշտոնական
771374690f19ab65f7e45a4ac454c610

Սերժ Սարգսյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի պատասխանները ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ համատեղ ճեպազրույցի ժամանակ

Հարց - Ես ներողություն եմ խնդրում, պարո՛ն Նախագահ: Արդեն կա օրվա թեմա և ես չեմ կարող այս հարցը չուղղել պարոն Ռասմուսենին:
Պարոն Գլխավոր քարտուղար, վաղը Դուք լինելու եք Բաքվում և հանդիպելու եք Ադրբեջանի նախագահի հետ: Ինչպե՞ս եք Դուք սեղմելու ձեռքն այն նախագահի, ով ստորագրել է ներումն այն սրիկայի, ով սպանեց հայ սպային միայն նրա համար, որ նա հայ էր:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն- Երբ ես վաղը հանդիպեմ Ադրբեջանի նախագահին, ես նրան փոխանցելու եմ բավականին պարզ, ակնհայտ ուղերձ: Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի որոշմամբ ներում շնորհել բանակի սպա Սաֆարովին, քանի որ այդ որոշումը վնասում է վստահությունը: Այդ ահավոր և ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել 8 տարի առաջ, հանցագործություն էր: Եվ այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի, այլ՝ ընդհակառակը: Այդ ասելով, ես նաև կարծում եմ, որ անհրաժեշտ է շեշտել, որ մենք չպետք է վերադառնանք հակամարտությանը այս տարածաշրջանում: Հակառակը՝ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը, անհրաժեշտ է տարածել խաղաղություն, ծավալել համագործակցություն և հաշտություն: Եվ ես այդ ուղերձը վաղը հստակորեն փոխանցելու եմ:

Հարց - Հարցս ուղղում եմ ՀՀ նախագահին՝ ինչպես է Հայաստանը համադրում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Եվ հարց Գլխավոր քարտուղարին՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

Սերժ Սարգսյան - Կարծում եմ, մենք հաջողությամբ ենք համադրում համագործակցությունը ինչպես ՀԱՊԿ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ում: Մենք Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, մշտապես ասել ենք և հիմա էլ կրկնում եմ, համարում ենք մեր երկրի ռազմաքաղաքական անվտանգության բաղկացուցիչ կարևոր մաս: Մենք դա արել ենք գիտակցված և հիմա էլ հավատարիմ ենք ՀԱՊԿ-ի սկզբունքներին և գաղափարներին: Բայց ես անկեղծորեն չեմ համարում, որ ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը հակամարտող կազմակերպություններ են: Առավել ևս չեմ համարում, որ անդամ երկրները չպետք է համագործակցեն: Ընդհակառակը` այդ համագործակցությամբ մենք պետք է հասնենք կայունության: Եվ ինչպես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ մենք երբեք մեր գործողություններով չպիտի տեղիք տանք որևէ հակադրության կամ հարաբերությունների սրման: Սա է մեր համագործակցության նպատակը: Իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեր երկրի համար օգտակար է: Եվ ես նոր մեր հանդիպման ժամանակ պարոն Գլխավոր քարտուղարին անկեղծորեն ասացի, որ, իրոք, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բխում է մեր երկրի շահերից:

Անդերս Ֆոգ Ռասմուսեն - Ոչ մի հակասություն չկա Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալու և միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ ուժեղ գործընկերություն ունենալու միջև: Իրականում ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, ունի հատուկ գործընկերություն Ռուսաստանի հետ: Մենք ունենք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդ, որի շրջանակներում մենք ներգրավվել ենք քաղաքական երկխոսության, ինչպես նաև գործնական համագործակցության մեջ: Երբ դուք հարցնում եք, թե ինչպիսի՞ն է իմ գնահատականը ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև համագործակցությանը` պետք է նշեմ, որ մենք վերջին տարիներին արձանագրել ենք բավականին լուրջ առաջընթաց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև: Մենք զորեղացրել ենք մեր համագործակցությունը Աֆղանստանի շուրջ: Ռուսաստանը մեզ տարանցիկ ուղի է տրամադրել, որն օգտագործվում է: Մենք ունենք խորացված համագործակցություն թմրանյութերի, ահաբեկության, իրավահենության դեմ պայքարի գործում, և մի շարք բնագավառներում բավականին լուրջ առաջընթաց ենք արձանագրել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Մենք նաև հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու հրթիռային պաշտպանության բնագավառում: ՆԱՏՕ-ն աշխատում է հրթիռային սպառնալիքներից մեր ազգաբնակչությանը պաշտպանելու համար: Մենք հրավիրել ենք Ռուսաստանին համագործակցելու այս հարցում: Այս բնագավառում դեռևս համաձայնության չենք եկել, բայց մեր երկխոսությունը շարունակվելու է: Երկու տարի առաջ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթնաժողովի ընթացքում մենք նաև համաձայնել ենք մեր ռազմավարական համագործակցության շուրջ: Եվ ես կարծում եմ, որ եվրաատլանտյան գոտու բոլոր ազգերի շահերից է բխում հաստատել այնպիսի մի համագործակցություն, որը կերաշխավորի անվտանգությունը մեր տարածաշրջանում: