Փնտրում են զինվորների մասունքները
ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները սեպտեմբերի 8-14-ը կմասնակցեն ՌԴ Բրյանսկի մարզում անցկացվող "Հիշատակի հերթափոխ 2012" միջազգային ուսումնագործնական հավաքին: Սա Ռուսաստանի և Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարողների երկրորդ համատեղ ուսումնագործնական հավաքն է. մեկ տարի առաջ ՌԴ Սմոլենսկի մարզում կազմակերպված ուսումնագործնական հավաքից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցները վերադարձել էին մեդալներով և պատվոգրերով:
"Հիշատակի հերթափոխ 2012"-ը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի մարտադաշտերում անհետ կորած զինվորների մասունքների որոնողական աշխատանքների իրականացմանը։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, համատեղ որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում գտնվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 1919 թ. ծնված Ավետիք Վահանի Հովհաննիսյանը, ով անհետ կորած էր համարվում 1942 թվականից, հուղարկավորված է Ռուսաստանի Դաշնության Նովգորոդի մարզի Մարյովսկի շրջանում` Մոլվոտիցի գյուղի եղբայրական գերեզմանում։ ԴԱՀԿ ծառայության ներկայացուցիչները հարազատներին են հանձնել վերահաստատված փաստաթուղթ, որով տեղեկացվում էր զոհվածի շիրիմի գտնվելու վայրի մասին մանրամասներ։
Նշենք, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության ղեկավար, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Արթուր Պարֆենչիկովի միջև որոնողական աշխատանքների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2011 թվականի մայիսին, վերջինիս՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:
Մամուլի քարտուղար