Անձրևը ողողել է գյուղը
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.00-22.00-ը Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տների նկուղները և անասնագոմերը, վնասել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի աշխատակիցները:
Կստեղծվի հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար:
Թունավորումներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.15-ի սահմաններում աջրից (ժավելից) թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ֆուչիկի 11 շենքի 40-րդ բնակարանի բնակչուհի` 1994 թ. ծնված Արփինե Պողոսյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.03-ի սահմաններում աջրից (ժավելից) թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Արմեն Տիգրանյան 17 տան բնակչուհի` 1977 թ. ծնված Լիլիթ Խաչատրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Փրկարարները դուրս են բերել կիրճից
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.32-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում (Դավիթաշենի կամրջի մոտ)՝ ժայռաբեկորների վրա, մարդ է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի խմբերը:
Փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932 թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Փրկարարները կասեցրել են ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 10-ին, ժամը 21.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կողբացու 1ա շենքի 25-րդ բնակարանից քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կասեցվել է Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ` 1968 թ. ծնված Անդրանիկ Ստեփանյանի ինքնասպանության փորձը:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։