Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արյունը կտեղափոխվի հատուկ պայմաններում

Պաշտոնական
afa4fa066ff89300c96110a86545440d

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը: Խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում:

Նոր դրոշմապիտակներ

Ս.թ. հոկտեմբերի 18-ից ուժի մեջ է մտնելու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը, որով ընդլայնվել է հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների տեսականին, ուստի կառավարությունն իր որոշմամբ կիրառության մեջ է դրել «2013» թվագրմամբ դրոշմապիտակները:

Մշակութային ժառանգությունը բերում են Երեւան

ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:


Թոշակ՝ լավագույններին

ՀՀ 2012թ. պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրն իրականացնելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 150 մլն դրամ: Կառավարության որոշմամբ նախարարությանն է տրամադրվել լրացուցիչ մոտ 25 մլն դրամ ս.թ. երրորդ և չորրորդ եռամսյակների վճարումներն ապահովելու համար:

Շենք՝ զինծառաողների համար

Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով Գյումրիում և Չոփուրլուում 2012թ. ավարտել և շահագործման հանձնել 57 բնակարանով երկու բնակելի շենք, ինչպես նաև ավարտել ազատամարտիկների 37 գերեզմանների կառուցումը: Շինծավալի ավելացումը նախատեսվում է կատարել պայմանագրով 2013թ. ստանձնած պարտավորությունները 2012թ. տեղափոխելու միջոցով:

Հակոյում արտահերթ ընտրություն կանցկացվի

Գործադիրն ընդունել է Արագածոտնի մարզի Հակոյի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Սխալ արդարադատության գինը

ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» և «Հակոբյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2012թ. ապրիլի 10-ին կայացրած վճիռների պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 32 հազար 100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: