ԱՄՆ ներկայացուցիչը՝ ՀՀ կառավարությունում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը։
Մարկ Հորթոնը ՀՀ վարչապետին է ներկայացրել ԱՄՀ-ի «Երկարաձգվող ֆինանսավորման» և «Երկարաձգվող վարկավորման» եռամյա ծրագրի ընթացքը և ԱՄՀ հայաստանյան առաքելության այցի արդյունքները՝ ծրագրի կատարողականի վերաբերյալ:
Նա հավելել է, որ թեև մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել, այդուհանդերձ, դեռ այդ ուղղություններով անելիքներ կան:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները և տնտեսության զարգացման հեռանկարները:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ուղղված շարունակական բարեփոխումներին: Մասնավորապես, 2013 թ. հունվարի 1-ից ներդրվելու է նոր համակարգ, որի համաձայն տնտեսվարողները պետք է եկամտահարկի բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, ինչն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, ֆիզիկական շփումների էական կրճատմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողությանը:
Հանդիպման ընթացքում արծարծվել է նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: