«Ձայնի արկղեր»՝ Սիրահարների այգում
«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո Հայաստանի բնակիչները, 13 հասարակական և բարեգործական կազմակերպություններ այսօր հավաքվել էին Սիրահարների այգում: 2009 թվականից ի վեր Քաղաքացիական հասարակության օրը մեծամասշտաբ նշելու փորձն արդեն ավանդույթ է դարձել:
«Այսօրվա միջոցառումը նվիրված է պատանիներին, այսինքն` քաղաքացիական հասարակության կերտողներին»,- ասաց Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի աշխատակից Մարիա Պողոսյանը:
Այս տարի առաջին անգամ միջոցառումն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Եղեգնաձորում, Վայքում և Վանաձորում: Միջացառման շրջանակներում նախատեսվում են ֆորում-թատրոն, բանավեճեր և ինտերակտիվ դասընթացներ, իրավական խորհրդատվություն:
Այգում կային «Ձայնի արկղեր», որոնց մեջ քաղաքացիները իրենց բողոքներն ու առաջարկները կարող էին գցել: «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը գրանցում էր իրավաբանական օգնության կարիք ունեցող անձանց` միջոցառումից հետո նրանց խնդիրներին լուծում տալու համար:
«Քաղաքացիական հասարակությունը ես եմ» խորագիրը կրող պատին միջոցառման մասնակիցները թղթեր էին փակցնում` նշելով, թե ինչ են հասկանում «քաղաքացիական հասարակություն» ասելով և ինչքանով են իրենց դրա անդամ համարում: