Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերդյուկովը գոհ է համագործակցության մակարդակից

Պաշտոնական
8017d965349ea29eeeb41a41fd1f2872

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:

Նրանք քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաև այսօր անցկացված համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից:

Սարգսյանի խոսքով, ՌԴ պաշտպանության նախարարի այցը հատկապես ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի և Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 15-ամյակի այս տարում երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների հետևողական ամրապնդման ևս մեկ հաստատումն է:

Անատոլի Սերդյուկովը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի նախօրեին տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մաղթել խաղաղություն և բարօրություն:

Նախարարը գոհունակությամբ է խոսել այսօր տեղի ունեցած համատեղ զորավարժությունների մասին, որոնք նրա խոսքով, ռազմական ոլորտում սերտ փոխգործակցության վկայությունն են: