Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական օրեր՝ Գյուղի թանգարանում

Հասարակություն
0ad372fc0bd68389d3883f7ba3852785

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Ազգային տոնի շրջանակներում Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում բացվեց ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ցուցադրությունը կենտրոնացած էր Ռումինիայում հայ գրատպության պատմության, ինչպես նաեւ ռումին գրականության զարգացման մեջ հայերի ներդրման վրա: Հայ գիրքը մասնակցում է նաեւ նույն օրը Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան Կենտրոնական գրադարանում բացված Ստրադա դե Կ'Արտե գրքի մեկշաբաթյա փառատոնին, որտեղ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Վազգեն Վեհափառի Ավետարանի, «Ուրբաթագրքի», «Մատյան գիտության և հավատո» եւ Թեոդիկի «Տիպ և տառ» բարձրարժեք նմանահանումների կողքին ցուցադրված են Ռումինիայում հրատարակված հայալեզու, ռումիներեն եւ հունգարերեն հրատարակություններ:

Հայաստանին նվիրված տոնը շարունակվեց Ռումինիայի Գյուղի թանգարանում։

Բուխարեստի լայն հանրությանը քաջածանոթ այդ վայրում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը:

Պաշտոնական բացումը նախատեսված է շաբաթ կեսօրին` Ռումինիայի մշակույթի նախարար Պույու Հաշոտիի, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի եւ Ռումինահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Եզրաս Բոգդանի մասնակցությամբ: Միջոցառումները ներառնում են հայկական ավանդույթների, սովորույթների, արհեստների եւ խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինահայոց թեմի, ինչպես նաեւ Ռումինահայոց միության աջակցությամբ ու կազմակերպմամբ ռումինահայ երիտասարդները այցելուներին մատուցելու են հարուստ եւ հագեցած եռօրյա ծրագիր` գեղանկարի եւ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, պար, երգ, զարդարվեստ, գեղագրություն, բանախոսություններ և հայկական խորտիկներ:

Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։