«Աշխարքին ամենեն թանկ բանը փողը չէ»
Զրույց ամբողջ աշխարհում «Պարոն Ավանգարդ Ֆոլկ» կեղծանունով հայտնի Արտո Թունչբոյաջյանի հետ։
Արտո, չնայած որ մենք հնագույն պատմական ու մշակութային ժառանգություն ունեցող ազգ ենք, այնուամենայնիվ մինչ այսօր շատերին է անհանգստացնում աշխարհին ներկայանալու, ինքնահաստատվելու ու ճանաչելի դառնալու մեր չգտնված ուղին: Արդյո՞ք սա ընդհանուր նպատակի կամ գաղափարախոսության բացակայության արդյունք չէ:
Ես Ամերիկայում էսքան տարի ապրել եմ, բայց ոչ մի անգամ Ադրբեջանական երաժշտություն չեմ լսել, իսկ հայկական շատ եմ լսել, ու ամբողջ աշխարհում լսում եմ: Հիմա ես հայ ըլլալով հարցնում եմ՝ ի՞ նչի շուրջ մեր ազգը կկարողանա հավաքվել, ներկայանալի դառնալ ամբողջ աշխարհին ու պատասխանում՝ մեր ազգի նպատակը տաղանդով հաստատելը պիտի լինի: Մեր թերությունն էլ անկազմակերպ լինելն է, որ չենք կարողանում միանալ, մեր տաղանդն աշխարհին ցույց տալ: Էսօր գնում եմ Թուրքիա, հարցնում եմ՝ ո՞վ ա հայը, պատասխանում են՝ արվեստագետ ժողովուրդ: Հիմա աչքով ապրեցինք՝ շատ շուտ կխաբվենք: Նայում ես, երեւում է թե Թուրքիան շատ առաջ գնացել է չէ՞, բայց ինձի հարցնես՝ ամենեն վատ երկիրն է: Ամեն բան կամուֆլյաժ է: Իրանք աշխարհին ստեղծագործ ոչինչ չեն տվել: Մենակ մի բան կա, որ լավ է՝ կազմակերպված են, ադոր համար էդպես երեւում են, բայց համ չունեն:
Որտե՞ղ է հայ ազգի «տունը»:
Մի հատ երգ գրեցի ՝ «Ո՞ւր է երթում մեր ազգը , ուրտե՞ղ ենք հավաքվում, ո՞ւր է մեր տունը՝ ՀԱՅԱՍՏԱՆ: Բոլորիս համար՝ ՀԱՅԱՍՏԱՆ»:
Ի՞նչ եք կարծում, մենք սիրո՞ւմ ենք իրար, մեր երկիրը:
Չենք սիրում: Հա՛, մարդը լեզու ունի, լեզվի վրա էլ ոսկոր չունի՝ ինչ ուզի կարող է ասել, բայց սիրելը հո լեզվով չի, գործով է:
Դուք ո՞նց եք սիրում երկիրը, հայերին:
Ուշադիր եմ: Դրսերում մի վատ, խայտառակ բան չանեմ, ինչի ասեն՝ հայ էր էդ մարդը: Էստեղ գալիս եմ՝ որքան կարող եմ իրենց մասն ըլլալ, որքան հնարավորություն ու միտք ունեմ կիսելու դնում եմ: Բայց ամենեն կարեւոր սերն ինձի համար, որ լուրջ գործ կարա դառնա՝ «1 դոլլար» պրոյեկտն է: Աշխարհի ամեն հայ, որ մի դոլլար դնե՝ էդ գումարը կարա հավաքվի ու ամեն ամիս մի գյուղի, մի քաղաքի բարեկարգման վրա օգտագործվի: Բայց մի բան էլ կա՝ հենց գործը հասավ փողին, էն ժամանակ կերեւա ո՞վ է իսկապես իր երկիրն ու ժողովրդին սիրում, որովհետեւ հարյուր մարդ կգտնվի էդ փողերից վերցնելու համար:
Ո՞նց եք պատկերացնում այդ նախագծի մեկնարկը:
Դա երկիրը կառավարողների գործն է: Անձամբ ես մենակով չեմ կարող սկսել կամ փող հավաքել: Ես երաժիշտ մարդ եմ, բայց ես էլ հաց առնում եմ, չէ՞, մարդկանց հետ շփվում եմ, հետները խոսում եմ, չէ՞: Անձամբ ես խնդիր չունեմ՝ փող ունեմ, առողջությունս էս պահին նորմալ է, գործերս լավ են, բայց կողքերս նայում եմ՝ մարդիկ վատ են ապրում: Էլ ո՞նց կարամ ուրախ ըլլամ:
Փաստորեն այս նախագիծն իրականացնելու Ձեր հույսը իշխանությունների հետ եք կապում:
Եթե իրանք չեն կարողանա դա իրականացնեն, թող հետաքրքրվեն՝ ի՞նչ միջոցներ են պետք, տրամադրեն այդ միջոցները, կգտնվեն մարդիկ, որ կզբաղվեն դրանով: Առանձնապես շատ մեծ նախապատրաստություններ պետք էլ չեն: Պետք է բանկային հաշիվ, որտեղ ցանկացած մարդ կարող է տեսնել որքա՞ն փող կա ու ինչի՞ վրա է ծախսվում յուրաքանչյուր կոպեկը:
Արտո, Դուք Հայաստանի ավաններից մեկը արվեստի կենտրոնի վերածելու ծրագիր ունեիք: Կարծում եք դա իրականանալի՞ նախագիծ է:
Ոչ միայն ավաններից մեկը...Հայաստանը արվեստների կենտրոն կարող ենք դարձնել, բայց ո՞նց: Եթե մենք ուզում եմ արդյունաբերությունը զարգացնել, ուրեմն եկեք միանգամից հասկանանք, որ մեր երկիրը դրա հնարավորությունը չունի: Մենք ունենք մաքուր արվեստագետ միտք, դա է, որ պիտի առաջ տանենք: Հարցնում եմ՝ ո՞նց կարանք մեր ազգը էս աշխարհում անվերջ պահենք: Մի ճանապարհ ունենք, նատուրալ կյանքով՝ մաքուր օդ, մաքուր սնունդ, մաքուր տրասպորտ, մաքուր արվեստագետ միտք: Էդ ժամանակ աշխարհքը մեզ անվերջ կպահի, աշխարքը մեզ էս կյանքի արեւը կդարձնի, առանց արեւ կյանք չկա:
Ինչի՞ց է պետք սկսել բարեփոխումները, նոր ձեռքբերումներ ունենալու համար:
Չորս կարեւոր բնագավառ կա, որ լուրջ վերահսկողությա ու ռեֆորմների կարիք ունի՝ կրթությունը, մշակույթը, մամուլն ու իշխանությունները: Սրանք վերին աստիճանի մաքուր պիտի լինեն: Օրինակ վերցնենք երկրի ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին: Շատերն են նայում նրան ու սովորում նրանից: Բայց ինքն էլ ամբողջ ազգի համար պիտի սովորի: Ես հիմա չեմ ասում անո՞ւմ է նա էդպես, թե՞ չի անում: Էդ ինքը գիտի: Հիմա մարդիկ էստեղ ոնց որ ապրում են՝ դրա նկարագիրնա: Բայց ես որեւէ մեկի հետ վիճելու ցանկություն բոլորովին չունեմ: Գործի ժամանակն է:
Արտո, ի՞նչ ենք մենք հասկանում սփյուռք բառը ասելով:
Սփյուռք բառը ընդհանրապես պետքա ջնջել մեր բառարաններից: Սփյուռք չկա, կանք՝ ՄԵՆՔ: Գիտե՞ս թուրքերն ինչ են ասում իրենց մեջ. «Մենք Հայաստանի հետ շատ խնդիրներ չունենք, մեր խնդիրը սփյուռքն է»... Ուզում են բաժանեն: Ուրեմն եկեք հասկանանք, որ սփյուռք բառը մեզ չի միացնում,այլ բաժանում է:
Ինչպե՞ս ենք մենք ընդունում սփյուռքահայերին, եւ ինչպե՞ս են իրենք իրենց զգում Հայաստանում:
Շատ վատ: Ես ինքս իմ կաշվի վրա զգում էի, տակավին էլ զգում եմ: Եղան մարդիկ ինձ ասին՝ Հայաստանը ներկայացնելու իրավունք չունե՛ս...Ասի՝ հա՛, դու ճիշտ ես: Ես Հայաստանը չեմ ներկայացնում, հայ ազգն եմ ներկայացնում... Ատելություն կա, նախանձ, ծուլություն: Ի՞նչ արին Աշխեն Գործունյանի հետ, ի՞նչ են անում Նարեկ Հարությունյանին: Ադոր համար ասում եմ ՝ հայաստանցիները պիտի սովորեն, որ կա ամբողջական հայ ազգ: Հայաստանցիները պիտի հասկանան, որ նրանց ում իրանք սփյուռքահայ են անվանում՝ հիմնականում վախի մթնոլորտում ապրած հայերն են: Դրա վառ օրինակը ես եմ: Ուրեմն ինչքա՜ն ուշադիր պիտի լինենք՝ քի չգտնվի մեկը, որ աշխարհի ցանկացած անկյունում ապրող որեւէ հայի գեթ մի վատ խոսք ասի: Էլ չեմ ասում Հայաստանում ապրող հայն իրեն նման բան թույլ չտա....Չնայած որ էս տեսակ վատ բաներն իմ սերն ու նպատակը չեն փոխում:
Դուք հաճախ եք համեմատականեր անցկացնում փողի ու թղթի միչեւ: Արդյո՞ք դրանք նույնարժեք կատեգորիաներ են:
Փողը ի՞նչ է՝ մի հատ թուղթ գտան, վրան թիվ գրեցին, եղավ փող, հիմա էլ էդ թղթի համար իրարու սպանում են: Բայց զուգարանումն ալ թուղթ կօգտագործինք չէ՞: Հարուստ մարդը ով է՝ նա, ով հանգիստ է իր հոգու մեջ: Էդտեղից է սկսում հարստությունը: Աշխարքին ամենեն թանկ բանը փողը չէ, այլ գաղափարը:
Նվարդ Մանվելյան
Լուսանկարները՝ Հրայր Թաթիկյանի